Ինչու է Եվրամիությունը ընդլայնում առաքելության կազմը Հայաստանում. ինչ ուղերձ է սրանով փոխանցվում Բաքվին

Ստեփան Գրիգորյանը բարձր է գնահատում Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայաստանում քաղաքացիական առաքելության կազմի ընդլայնումնը՝ դրա կազմը 138-ից հասցնելով 209-ի: Քաղաքագետը ընդգծում է՝ այդ որոշումնն արդեն իսկ կարևորվում է նրանով, որ դրան իր համաձայնությունն է տվել ԵՄ 27 անդամ պետություն, որոնց համար սկզբունքները հստակ են։

«Լրջագույն որոշում է հենց Ադրբեջանի համար, բացահայտ կերպով ասում են՝ չես կարող կրակել Հայաստանի սահմանին։ Անդամների թվի ավելացումով այժմ վերահսկողությունը սահմանային գոտում շատ հստակ կլինի, Եվրամիությունն էլ շատ հստակ ինֆորմացիա կունենա, թե երբ են ադրբեջանցիները խախտում զինադադարը, երբ են կրակում։ Սահմանին զինադադարը խախտելու դեպքում սանկցիաներ կկիրառեն Ադրբեջանի հանդեպ, ցույց են տալիս՝ «չես կարող ինչ ուզել անել»։ Հիմա ավելի մանրակրկիտ կկարողանան ուսումնասիրել իրավիճակը»,- «Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս ասում է՝ այս որոշումը ի նպաստ Հայաստանի է՝ պաշտպանելու երկիրը Ալիևի ագրեսիվ պահվածքից։ Ադրբեջանին այլևս հեշտ չի լինի հարձակում գործել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, իսկ սահմանն էլ ավելի ամուր կլինի։

Անդրադառնալով ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, այն է՝ «Հայաստանը հստակորեն տեսնում է մեզ հետ աշխատելու օգուտները, և պատրաստ ենք դրականորեն պատասխանել դրանց»՝ Գրիգորյանը նկատում է․ «Գլխավոր օգուտներից մեկը՝ վերջին կես տարվա ընթացքում զինադադարի որևէ լուրջ խախտում չի եղել, սահմանին քիչ են կրակոցները, վիրավորների ու զոհերի դեպքեր շատ չեն գրանցվում։ Ադրբեջանը, եթե կարողանա, նորից կհարձակվի, դա անգամ չի թաքցնում։ Անընդհատ ունի իր ասելիքները, պահանջները, խոսում է անկլավներից, ճանապարհներից, բայց հենց այդ գործոնով էլ պայմանավորված՝ չի կարողանում ծրագրերը առաջ տանել»։

Ըստ զրուցակցի՝ Ադրբեջանն անգամ աղավաղում է տարրական ճշմարտությունը․ 1989 թվականի սովետական ժամանակաշրջանի վերջին մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում այդ ժամանակ ապրել է 89 հազար ադրբեջանցի, Ադրբեջանում՝ 390 հազար հայ, սակայն Ադրբեջանի նախագահը տվյալները խեղաթյուրում է՝ ներկայացնելով ճիշտ հակառակը։ Ստեփանյանի խոսքով՝ այժմ քաղաքացիական դիտորդական առաքելության ուժեղացման հիմնական նպատակը Ադրբեջանի հռետորաբանության ու ագրեսիայի թուլացմանն է ուղղված։

Իսկ թե ինչ է նշանակում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոնի հայտարարությունը, ըստ որի՝ ԵՄ-ն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, Գրիգորյանը մեկնաբանում է. «Քաղաքացիական առաքելությունը անզեն է, ունի քաղաքական դիվանագիտական մեծ դեր։ Իսկ սա արդեն խոսում է զենք-զինամթերք տրամադրելու մասին, այսինքն՝ «ոչ մահաբեր» պաշտպանական բնույթի զենքեր։ Այս ծրագրի շրջանակներում ԵՄ-ն Ուկրաինային բազմաթիվ անգամներ զենք-զինամթերքի աջակցություն է ցուցաբերել։ Մեր դեպքում դա նոր են փորձում սկսել»։

Սակայն, ըստ քաղաքագետի, այդ ծրագիրը Հայաստանում հնարավոր կլինի իրականացնել միայն այն դեպքում, երբ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ