ՀՀ-ը պաշտոնական հայտ է ներկայացրել 2027-ի ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար

Նոյեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Անդրադառնալով Հայաստանի ու ՖՄԿ-ի միջև համագործակցության լայն օրակարգին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը կազմակերպության հիմնարար արժեքների, մասնավորապես՝ խաղաղության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության տարածման և ամրապնդման ուղղությամբ։ Որպես նշված հանձնառությունների կյանքի կոչման լավագույն օրինակ՝ Վահե Գևորգյանը տեղեկացրել է համաժողովի մասնակիցներին, որ Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։

Ելույթի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակմանը և Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն այսօր նշանակալի ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար փախստականներին, այդ թվում՝ 30 հազար երեխաներին, արժանապատիվ ընդունելություն ցույց տալու և առաջնային կարիքները հոգալու նպատակով։ Այս համատեքստում կարևորվել է տեղահանված ԼՂ բնակչության իրավունքների միջազգային պաշտպանության անհրաժեշտությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ