Երեկ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ԼՂ պետական ինստիտուտները՝ Նախագահ, Ազգային ժողով և այլն, պետք է պահպանվեն և գործեն։ Մի կողմ թողնենք, թե ինչ ականներ ու դիվանագիտական ծուղակներ է պարունակում սա Հայաստանի համար, հասկանանք, թե ինչ նպատակով է ՀՅԴ-ական գործիչը, ով պարբերաբար Երևանում զբաղվում է Լեռնային Ղարաբաղի փրկությամբ, նման բան ասում։
Ակնհայտ է, որ Սաղաթելյանի գլխավոր նպատակը նորից ԼՂ-ի փրկության նպատակով Հայաստանի ներսում ինչ-որ շարժումներ նախաձեռնելն է։ Այն Լեռնային Ղարաբաղի փրկության, որն իրենք իրենց իսկ ձեռքով հանձնեցին այդ թվում ՀՅԴ-ականները, իրենց ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի համաձայնությամբ ու իրենց սատարած նախագահ Շահրամանյանի ստորագրությամբ։
Հետաքրքիր է, իրենք ստորագրում են, որ Լեռնային Ղարաբաղը պիտի դադարի գոյություն ունենալ, բայց Հայաստանի իշխանություններից պահանջում են, որպեսզի պահպանի Լեռնային Ղարաբաղի պետական ինստիտուտների գործունեությունը, որ հետագայում նորից ՀՀ իշխանություններին մեղադրեն բանակցությունները տապալելու մեջ։ Կա մեկ այլ հարց ևս, թե ֆինանսական ինչ միջոցներով են գործելու ԼՂ պետական ինստիտուտները Հայաստանում, բնականաբար ՀՀ պետական բյուջեի։
Բացի այդ, Սաղաթելյանը նման պահանջ է հնչեցնում, որպեսզի Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած իր պաշտոնյա ընկերներին ապահովի բարձր աշխատավարձով, որպեսզի նրանց սիրաշահի ու հետագայում երևի նաև տարբեր ծառայություններ ակնկալի նրանցից։
Եվ վերջում, բնական է, որ եթե արդեն ԼՂՀ-ն չկա, Սաղաթելյանին ու մյուս փրկիչներին իշխանության գալու այլ հույս չի մնում, քանի որ նրանց բոլոր մանիպուլյացիաները մշտապես հենց Լեռնային Ղարաբաղի շուրջ էին հյուսվել։