Անվճար ոչինչ չի լինում. բյուջեի հաշվին որևէ բան «անվճար» դարձնելը մեծ հերոսություն չէ. Բաբկեն Թունյան

«Եթե հայտարվում է, որ այսինչ ծառայությունն անվճար է, դա պարզապես նշանակում է այդ ծառայության համար վճարում են ոչ թե այդ ծառայություններից օգտվողները, այլ բոլորը՝ իրենց վճարած հարկերով»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու մասին հայտարարած Վիկտոր Մնացականյանի խոստմանն այն մասին, թե ընտրվելու պարագայում հասարակական տրանսպորտը դառնալու է անվճար:

Գրռումը ներկայացնում ենք ստորև.

«Եթե որևէ ծառայություն մատուցվում է՝ լինի կրթություն, առողջապահություն, թե տրանսպորտ, ապա դրա վրա կատարվում են ծախսեր. ուսուցիչը, բժիշկը, վարորդը պետք է վարձատրվեն: Բացի աշխատավարձից, նաև այլ ծախսեր կան. առողջապահության համար՝ բժշկական սարքավորումներ, դեղորայք, տրանսպորտի համար՝ մեքենաներ, վառելիք և այլն, որոնք երկնքից չեն ընկնում:

Եթե հայտարվում է, որ այսինչ ծառայությունն անվճար է, դա պարզապես նշանակում է այդ ծառայության համար վճարում են ոչ թե այդ ծառայություններից օգտվողները, այլ բոլորը՝ իրենց վճարած հարկերով:

Դրա համար պիտի լինի հասարակական կոսնսենսուս: Օրինակ, եթե երեխաների կամ հաշմանդամություն ունեցողների համար տրանսպորտն անվճար է, նշանակում է հասարակությունը (ենթադրվում է) համաձայն է նրանց համար վճարել:

Բայց արդյո՞ք համաձայն կլինեն բոլորի համար վճարել:

Չի բացառվում: Ուղղակի պետք է նկատի ունենալ, որ պետական կամ համայնքային բյուջեից (այսինքն՝ հասարակության գրպանից) որևէ ծառայության համար վճարելը նշանակում է ավելի քիչ գումար ունենալ այլ բաների վրա ծախսելու համար (բարեկարգում, ճանապարհաշինություն և այլն): Որովհետև բյուջեն անսպառ չէ:

Վերադառնալով սկզբին՝ ասեմ, որ եթե որևէ մեկը հայտարարում է, որ երկրում այսինչ ծառայությունը լինելու է ամբողջությամբ անվճար, դա կարելի է լիարժեք ճիշտ համարել, եթե նա պատրաստվում է սեփական գրպանից վճարել դրա համար: Այ դա կլինի տարբերվող և իրապես անվճար, թե չէ բյուջեի հաշվին որևէ բան «անվճար» դարձնելը մեծ հերոսություն չէ: Իհարկե, դա էլ անվճար չի, բայց գոնե այն մարդիկ, ում նման բան են խոստանում, չեն վճարի:

Հ.Գ. — Անկեղծ լինեմ, գրառմանս առիթն այն էր, որ իմ լավ բարեկամ Վիկտոր Մնացականյանը Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ խոստացել է տրանսպորտն անվճար դարձնել:

Բայց գրառմանս ընդհանուր նպատակն այն է, որ մեր հայրենակիցները «անվճար» բառին ՄԻՇՏ վերապահումով մոտենան՝ անկախ նրանից, թե դա հնչում է մե՞ր կողմից, թե՞ այլ քաղաքական ուժերի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ