Ես քաղաքական պահանջ չեմ լսել․ առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞․ Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած երթի մասին

«Նախ ես չգիտեմ ինչ պահանջի մասին է խոսքը գնում, առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞։ Ես քաղաքական գործիչ եմ, ինչպես ես, այնպես էլ մեր քաղաքացիները քաղաքական առաջարկ չենք լսել։ Ես հարգանքով եմ վերաբերում մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ, կարող եմ համաձայն չլինել, ինչպես նրանք իմ կարծիքի հետ, բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել»,- այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է իշխանության գնահատականը Տավուշից մեկնարկած երթի և դրա մասնակիցների պահանջների վերաբերյալ։

Սիմոնյանի խոսքով, սահմանազատման գործընթացը շարունակվելու է․ «ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր, այդ իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»։

Հարցին, արդյոք մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել, նա պատասխանեց․ «Չգիտեմ մասնակիցների թիվը շատանում է, թե ոչ, դրա հետ կապված որևիցե մեկնաբանություն անել չեմ կարող, թող շատանան, գան իրենց ձայնը հնչեցնեն, ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրությունների միջոցով, որը տեղի է ունենալու 2026-ին»։

Հարցին, այդ դեպքում ինչպես հաջողեց 2018-ի հեղափոխությունը նա նշեց, որ այդ ժամանակ իշխանությունը ձևավորված չէր արդար ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց ընտրելու իր իրավունքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ