«Ես փախնող չեմ, փախնողին բռնող եմ եղել, որ երկրից դուրս գալ ուզեի, ոչ մի ոստիկան ինձ չէր կարող գտնելֆ»․ Վլադիմիր Գասպարյան

Այսօր՝ oգոստոսի 4-ին, Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ փողերի լվացման մեղադրանքով գործի քննությունը։ Պետությունը Գասպարյանից պահանջում է ավելի քան 36 մլն դրամ գումար բռնագանձել։

Նիստի սկզբում Գասպարյանը դեմ է եղել տեսանկարահանմանը, իր պահանջը բացատրելով այս գործի ոչ ակտուալ լինելով։

Դատական նիստում քննարկվել է Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից բացակայության արգելքը նույնը թողելու կամ վերացնելու հարցը։

Պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել այս խափանման միջոցը՝ պատճառաբանելով, որ Գասպարյանը նախաքննությանն ողջ ընթացքում փախուստի չի դիմել, գտնվել է իրավապահների տեսադաշտում։

«Ես նույնիսկ մարտի դաշտում չեմ փախել, ուր մնաց քննությունից փախնեմ։ Հետո ես փախնող չեմ, փախնողին բռնող եմ եղել։ Եթե ես ուզենայի այս երկրից դուրս գալ, ոչ մի ոստիկան ինձ չէր կարող գտնել նույնիսկ»,- հայտարարել է նախկին ոստիկանապետն ու տեղեկացրել, որ արտերկրում բուժում ստանալու կարիք ունի, ինչին իր նկատմամբ կիրառված խափանման միջոցը խոչընդոտում է։

Հանրային մեղադրողն խափանման միջոցի վերացման մասով առարկություն է ներկայացրել։ Դատարանն այն թողել է անփոփոխ։

Այսօրվա նիստին պաշտպանական կողմը նաև գործը կարճելու միջնորդություն է ներկայացրել, ինչը ևս մերժվել է։

Նիստի ավարտին հանրային մեղադրողը ներկայացրել է գույքային հայցը, ըստ որի՝ Վլադիմիր Գասպարյանը նախ զբաղեցնելով ՊՆ ռազմական ոստիկանության պետի, այնուհետև՝ նախարարի տեղակալի, ոստիկանապետի պաշտոնները, իր ընտանիքի անդամներին աշխատանքի է գրանցել, որոնք աշխատանքի չհաճախելով՝ աշխատավարձ են ստացել։

Մեղադրողը միջնորդել է գործն ընդունել վարույթ, Վլադիմիր Գասպարյանին ճանաչել գույքային պատասխանող և հօգուտ ՀՀ պետության նրանից բռնագանձել ավելի քան 36 մլն դրամ գումար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով):

8 տարվա ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են նշված անձանց կողմից կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու դեպքեր:

Ի թիվս այլ մեղադրանքների՝ նախկին ոստիկանապետը մեղադրվում է մոտ 2 մլրդ դրամ գույքի փողերի լվացում կատարելու մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ