Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը ճիշտ է համարում դեպի Կիրանց որոշ քաղաքացիների, ընդդիմադիր պատգամավորների և հոգևորականների մուտքը արգելելու՝ ոստիկանության ձեռնարկած գործողությունները։

Նրա խոսքով՝ 10 օրից ավելի է՝ պարզ է, թե այդ անձինք ինչ նպատակով ու օրակարգով են Կիրանցում. պետության քայլերը սահմանազատման գործընթացը խափանել փորձողների նկատմամբ պետք է կոշտ լինեն։

«Ամեն անգամ տեսնում ենք պաթոսական, կեղծ հայրենասիրական գործողությունները։ Բնական է, չեն ուզում գնալ Կիրանց, շրջեն, նորից հետ վերադառնան. կրքեր պետք է բորբոքեն։ Այս պարագայում պետության ուժը պետք է բոլորը տեսնեն, ինչը եղավ: Ճիշտ է, ազատ ակցիաներ անելու իրավունք ևս ունեն, սակայն բողոքը նման գործողություններով չէ միայն, որ կարելի է արտահայտել։ Տավուշի թեմի առաջնորդը պետք է վերադառնա եկեղեցի, աղոթի Հայաստանի ազատության ու անկախության համար, դա է իր գործառույթը, ոչ թե նստելը կամ պառկելը ասֆալտին, Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին էլ հրահրի, որ հարձակվեն Հայաստանի վրա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս ակցիայի մասնակիցների գործողությունները որակում է պետականության կործանման համար արվող քայլեր։ Ըստ նրա՝ հասկացել են, որ պետությունը ռուս-թուրքական գործարքին դեմ է գնում և պայքարում են, որ այն հաջող ավարտ չունենա։

«Այս մարդիկ մեր պետության թշնամիներից են, ունեն պարտականություն ամեն ինչ անելու, որ Հայաստանը պետական սահմաններ չորոշի ու չհստակեցնի։ Դա է պատճառը, որ խմբերով հավաքվում են ու փորձում երկրի կյանքը խաթարել։ Սակայն, եթե վաղը մեկ այլ առիթ օրակարգում ստեղծվի, բոլորովին կմոռանան Կիրանցի սահմանազատումը ու կգնան հիմա էլ այդ առիթի համար պայքարելու։ Փոփոխական մարդիկ են. այնտեղի հոգևորականներից սկսած՝ որևէ կապ չունեն քրիստոնեության և եկեղեցու հետ։ Մտածում են՝ ով ինչ ուզի՝ կարող է անել, այսինքն, եթե ես էլ իրենց հետ համաձայն չեմ, գնամ եկեղեցու դիմաց կանգնեմ ու չթողնե՞մ, որ ներս մտնեն»,- ընդգծում է զրուցակիցը:

Սուքիասյանի պնդմամբ՝ միջազգային քաղաքականությունից գաղափար չունեցող անձինք չեն կարող խաթարել սահմանազատման գործընթացը, որի միջոցով Հայաստանը վերջապես կվերահաստատի անկախ պետություն լինելու իր առաքելությունը։

Ըստ նրա՝ այս պարագայում անընդունելի է նաև եկեղեցու հեղինակության նման ոչնչացումը, որը վերջին շրջանում անում են հենց ակցիայի մասնակիցները․ «Հույս ունեին, որ եկեղեցու հեղինակությունը, որը կա ժողովրդի շրջանում, իրենց կօգնի, դա էլ չստացվեց։ Հստակ ուզում են կործանել երկիրը՝ հանուն Ռուսաստանի Դաշնության, որովհետև դրա գործակալներն են։ Հիմա էլ հայտարարում են, թե իշխանությունը ռուսներին բերել է, գերության մեջ է իրենց գցել: Սա ընդամենը մանիպուլյացիա է, որ ցուցադրեն, թե իրենք ռուսների հետ կապ չունեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ