«20-30 զանգ ստացա …». Արմեն Սարգսյանն իր անսպասելի որոշման մասին

lragir.am-ը գրում է

Ես մոտ 20-30 զանգ ստացա, այդ բանը չանելու համար, սակայն ես համոզված էի, որ դա է ճիշտը: Այդ հայտարարությունն արել է նախագահ Արմեն Սարգսյանը, որը Սիվիլնեթի հետ զրույցում անդրադարձել է մեկ տարվա վաղեմության հեղափոխական գործընթացներին, դրանք բնորոշելով «հեղափոխություն հայկական ձեւով», քանի որ համարում է, որ եղել է բացառիկ սահուն եւ անարյուն հեղափոխություն:

Խոսելով 20-30 զանգի մասին, Արմեն Սարգսյանը պատմել է հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ Հանրապետության հրապարակում հանդիպելու եւ բանակցելու դրվագի մասին: Դա տեղի ունեցավ ապրիլի 21-ին, երբ բանակցելու նախագահ Սարգսյանի առաջարկին Փաշինյանը պատասխանել էր, թե պատրաստ է, բայց այդ բանակցությունը պետք է տեղի ունենա ոչ թե Արմեն Սարգսյանի նստավայրում կամ այլ տեղ, այլ Հանրապետության հրապարակում՝ հանրության առաջ:

Չնայած խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահի լիազորությունների խիստ սահմանափակությանն ու ըստ այդմ պաշտոնի քաղաքական կշռի ոչ մեծությանը, թվում էր, որ այդուհանդերձ Արմեն Սարգսյանը չի իջնի այդ դիրքից եւ չի գնա Հայաստանի համար աննախադեպ ու արտառոց քայլին՝ ընդունել ընդդիմության առաջնորդի հետ հրապարակում, այլ կերպ ասած նրա դաշտում բանակցելու առաջարկը, որքան էլ Արմեն Սարգսյանն անձամբ դիմակայության կողմ չէր:

Այդ իմաստով, նախագահ Սարգսյանի որոշումը՝ ընդունել Փաշինյանի պայմանն ու գնալ Հանրապետության հրապարակում բանակցելու, աննախադեպ էր եւ անսպասելի, ինքնին հեղափոխական, ու նաեւ հեղափոխության գործընթացում նուրբ եւ առանցքային տարր:

Թերեւս հենց դա է եղել նաեւ պատճառը, որ Սարգսյանը՝ իր խոսքով, ստացել է 20-30 զանգ, տարբեր մարդկանցից, չանել այդ բանը, չգնալ հրապարակ: Ովքե՞ր են եղել այդ մարդիկ, որ զանգահարել են Արմեն Սարգսյանին եւ փորձել են հետ պահել նրան հրապարակ գնալուց: Մեծ հավանականությամբ, դրանք իշխող համակարգի առանցքային ներկայացուցիչներ են եղել, կամ այդ առանցքայինների ներկայացուցիչներ, որոնք թերեւս հասկանում էին ոչ միայն իրավիճակի, այլ իրավիճակում հենց նախագահ Սարգսյանի քայլի լրջությունն ու նշանակալիությունը:

Բանն այն է, որ ընդունելով հեղափոխության առաջնորդի Հանրապետության հրապարակում բանակցելու պայմանը՝ ի պատասխան իր առաջարկի, Արմեն Սարգսյանը փաստացի նուրբ քայլ էր կատարում հանրության հոգեբանական աջակցության ուղղությամբ, հանրությանն այդպիսով տալիս այդ պահի դրությամբ թեկուզ փոքր, սակայն խորհրդանշական մի հաղթանակի զգացողություն, ոչ թե ինչ որ մեկի նկատմամբ հաղթանակի, այլ ինքնավստահության բաղադրիչով հաղթանակի:

Արմեն Սարգսյանը, գնալով աննախադեպ քայլին, երբ իշխանության թեկուզ արարողակարգային պաշտոնի բարձրագույն ներկայացուցիչը հանրային պահանջով գնում է հրապարակում բանակցելու, գործնականում քայլ էր կատարել հանրությանն ինքնավստահություն, սեփական ուժերի նկատմամբ հավատի նոր լիցք հաղորդելու, որոշակի հոգեբանական կարծրատիպային կապանքներ արձակելու ուղղությամբ: Նախագահ Սարգսյանի քայլը որոշակիորեն կաշկանդում էր իշխանության այն թեւերի վարքը, որոնք հակված էին ոչ ճիշտ որոշումների եւ լուծումների:

Կամ գուցե իրենք էին ակնկալում լինել բանակցողը, դրանից բխող որոշակի «արտոնություններով»: Հատկապես նկատի ունենալով այն պատմությունը, որ արդեն ապրիլի 23-ի վերաբերյալ ներկայացրել է Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պատմելով, թե ինչպես էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեկ տարի առաջ այդ օրը այցելում իրենց՝ երբ իրենք կալանված էին, եւ փորձում բանակցել, առաջարկներ անել, ստանալով մերժում եւ պնդում, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:

Այդ հանգամանքն առավել հետաքրքիր է նաեւ այն ֆոնին, երբ նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչներ էլ «կասկածի» տակ են դնում այդ պատմությունը, բայց իրականում իհարկե իշխանության «այլ» ներկայացուցիչների դերը, խոսելով այն մասին, որ Սարգսյանը մինչ այդ հանդիպումներն էր արդեն որոշել, որ պետք է հրաժարական տա:

Ովքեր էին զանգել նախագահ Սարգսյանին, կտա՞ նա անուններ մոտ ապագայում, թե՞ առայժմ պետք կլինի պահել դրանք, ավելի կարեւոր պահերին հրապարակելու համար, երբ նոր Հայաստանը գործնականում կզգա այդ անունները բացահայտելու անհրաժեշտությունը:

աղբյուրը՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ