Օգտվու՞մ եք լողավազաններից՝ իմացեք․ Առողջապահության նախարարի հրամանը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ամառային հանգստի սեզոնով պայմանավորված՝ լողավազանային ծառայություններ մատուցող տնտեսավարողներին հորդորում է՝ պահպանել սանիտարահամաճարակային կանոններն ու նորմերը։

Տեսչական մարմինը հիշեցնում է՝ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի, N 534-Ն հրամանով, որով հաստատվել են «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը։

Մասնավորապես անհրաժեշտ է՝

– պահպանել թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը,

– պարտադիր վարակազերծել ավազանի ջուրը,

– ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին ունենալ ջրահեռացման ջրհորդաններ,

– լողավազանների, բաղնիքների միկրոկլիման ստուգել 4 ժամը 1 անգամ,

– բուժաշխատողի կողմից ամեն օր իրականացվի արտաքին զննություն՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար,

– լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաների համար իրականացնել էնտերոբիոզի նկատմամբ հետազոտություն,

– երեխաների լողավազանում ապահովել ջրի ջերմաստիճանի՝ 30, մեծահասակների ավազանում՝ 24-26 աստիճան C,

– ապահովել 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը, երեխաների համար՝ 4,0- 5,0 քմ, մեծահասակների համար՝ 5,0-8,0 քմ։

Լողավազաններում սանիտարական նորմերի խախտումներ արձանագրելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել Տեսչական մարմին կամ զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծի՝ 81 07 հեռախոսահամարին։

Iravaban.net-ը հավելում է, որ նախարարի հրամանի համաձայն՝

1.1 Սույն պետական սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի (այսուհետ` սանիտարական կանոններ) պահանջները տարածվում են ինչպես նոր կառուցվող, վերակառուցվող, այնպես էլ գործող սպորտային և առողջարարական նշանակության լողավազանների, այդ թվում` բացօթյա լողավազանների, դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների, առողջարարական հիմնարկների, բաղնիքային համալիրների (սաունաների) կազմում գործող լողավազանների վրա: Լողավազանների կազմում ընդգրկված սենքերին (հանդերձարան, ցնցուղարան, ավազան, սանհանգույց և այլն) ներկայացվող հիգիենիկ պահանջները տարածվում են նաև այլ հասարակական շինությունների կազմում (բաղնիքներ, սաունաներ, սպորտային դահլիճներ և այլն) շահագործվող համանման սենքերի, այդ թվում` և սաունաների հովացնող ավազանների վրա:

1.2 Սույն սանիտարական կանոնները նախատեսված են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, որոնք իրականացնում են լողավազանների, բաղնիքային համալիրների (սաունաների) նախագծում, շինարարություն, վերակառուցում և շահագործում:

1.3 Սանիտարական կանոնները չեն տարածվում բժշկական նշանակության ավազանների վրա, որտեղ իրականացվում են բուժական միջամտություններ կամ պահանջվում է հատուկ հանքային կազմով ջուր:

1.4 Սույն սանիտարական կանոնների պահանջների իրականացումը ապահովում է ջրով փոխանցվող բակտերիալ, վիրուսային, սնկային և մակաբուծային հիվանդությունների նկատմամբ համաճարակային անվտանգությունը և կանխում է մարդու օրգանիզմի վրա ջրի քիմիական բաղադրության վնասակար ազդեցության հնարավորությունը:

Լողավազանի ավազանի, դահլիճի, քլորացման և օզոնացման սենքերի, բաղնիքների սենքերի համար անհրաժեշտ է նախատեսել ինքնուրույն ներհոս և արտաձիգ օդափոխիչ համակարգեր: Քլորացման և օզոնացման սենքերի կառավարման վահանակը տեղակայվում է նշված սենքերից դուրս:

Բաց լողավազաններում ջրի ջերմաստիճանն ամռանը պետք է պահպանվի 270C, ձմռանը` 280C, իսկ լողալ սովորողների համար` 290C:

Օդափոխության սարքավորումները տեղադրվում են աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ