«Հայ մարզիկներին սեփական հարկի տակ հանդես գալու հնարավորությունից զրկելու պատրաստները փոքրամասնություն են». Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանը այրել էր Ադրբեջանի դրոշը։

«Սպորտի պատմության մեջ շատ են դեպքերը, երբ երկրները այս կամ այն կոռուպցիոն կամ համարյա կոռուպցիոն եղանակով ինչ-որ մեծ առաջնություն, մրցաշար են փորձում իրենց երկիր բերել ու դա անում են շատ պարզ պատճառներով՝ դա նախ պետության ճանաչելիության հարց է լուծում, լավ կազմակերպման դեպքում բարի համբավ է բերում, տուրիստական հոսք է բերում, երկրում այդ սպորտաձևի նկատմամբ հետաքրքրություն է բերում ու վերջապես հնարավորություն է տալիս տեղացի մարզիկներին սեփական հարկի տակ, երկրպագուների աջակցության շնորհիվ ավելի բարձր հորիզոնականներ նվաճել։

Այս կամ այն մրցաշարն անցկացնելու պայքարը հաճախ նաև դիվանագիտական լարվածության է տանում մրցող երկրներին։ Պարզ է մի բան. բոլորն էլ ուզում են մեծ մրցաշարեր անցկացնել։

Ու այս ամենի ֆոնին՝ երկու դիտարկում.

1. Արայիկ Հարությունյան, մեծագույն շնորհակալություն նման բարձր մակարդակի հերթական միջոցառման համար։

2. Շատ ուրախ եմ, որ տեքստի նախաբանում գրածս գիտակցողները մեր երկրում բացարձակ մեծամասնություն են, իսկ ինչ-որ պերֆորմանսի համար հայ մարզիկներին երբևէ սեփական հարկի տակ հանդես գալու հնարավորությունից զրկելու պատրաստները՝ փոքրամասնություն։

Հ.Գ. Հաջողություն մերոնց։ Ամեն ինչ պիտի անենք, որ նման մեծ մրցաշարեր Հայաստանում շատ լինեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ