Դրոշ վառելն ընդամենը «մխիթարում» է, թշնամուն պետք է հաղթել առարկայորեն․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դեռ տարիներ առաջ առիթ եմ ունեցել կարծիքս արտահայտելու, որ դրոշ վառելը, ընդհանուր առմամբ, բնորոշ է պետականազուրկ մտածողությանը, և գործնականում ոչնչով չվնասելով թշնամուն, ընդամենը «մխիթարում» է քեզ, այն էլ ավելի շատ ինքնախաբեության տրամաբանությամբ:

Թշնամուն պետք է հաղթել առարկայորեն՝ մտքով և ուժով, երբ այն չկա՝ համբերատարությամբ, սառնասրտությամբ, մինչ կձևավորես դա անելու հնարավորությունը: Մնացյալը պարզապես «ծնծղա» է, որ հնչեցվում է ըստ անձնական, խմբային, ներքաղաքական և իշխանական նպատակահարմարությունների:

Բայց այս պատմության մեջ դրոշ վառելը չէ էականը, այլ դրա հնարավոր դառնալը: Այստեղ է մտահոգիչը, որովհետև, փաստացի ակնառու է դառնում անգամ մի փոքր, սահմանափակ բեմի «անվտանգություն» ապահովելու անկարողությունը: Եվ, դրոշ վառելուց առավել, հենց այս հանգամանքն է սրում պետականությանը վերաբերելի հարցերը:

Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման պաշտոնական արարողությունը։ Հիասքանչ շոուից բացի միջոցառումն աչքի ընկավ միջադեպով, երբ ներկաներից մեկը բեմահարթակից վերցրեց Ադրբեջանի դրոշը, փորձեց այրել այն։ Անվտանգության աշխատակիցներն ամիջապես հեռացրեցին երիտասարդին։ Երիտասարդը ոճաբան Արամ Նիկոլյանն է։ Նա «Նիկոլյան» նորաձևության տան հիմնադիր տնօրենն է և գլխավոր դիզայները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ