Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, զոհված հայ զինծառայողների համար ՀՀ իշխանությանը մեղադրող հայաստանյան ընդդիմադիրներին ադրբեջանցի օգտատերերը արձագանքում են «լայքերով» ու ծափահարելով

Տեղեկատվական վախկանալիա, քարոզչական տեռոր․ այսպես կարելի է բնորոշել այն իրավիճակը, որին բախվում է հասարակությունն ամեն անգամ, երբ սահմանային հերթական միջադեպն է արձանագրվում, երբ հակառակորդը դիմում է սադրանքի կամ ագրեսիվ գործողությունների։ Եթե կան այնպիսիք, որոնք կասկածում են ՀՀ-ում և ՀՀ-ի դեմ գոծող տեղական և անդրսահմանային «5-րդ շարասյան» գոյությանը, ապա թող ուշադիր լինեն հատկապես հակառակորդի հարձակմանը նախորդած և հաջորդած շրջանի քարոզչական հոսքերին։

Երեկ Տեղ համայնքում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո, երբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել, տեղեկատվական հարթակները լցվեցին ապատեղեկատվությամբ, խուճապ, վախ տարածող լուրերով, գրառումներով, որոնցում դոմինանտ էին հետևյալ երկուսը՝ ՀՀ-ն է սադրել փոխհրաձգությունը, և երկրորդ՝ թշնամին առաջխաղացում ունի մի շարք ուղղություններով՝ Վարդենիս, Ջերմուկ, Երասխ, Պառավաքար․․․թիրախում Երևանն ու Արտաշատն են։

Չնայած պաշտոնական հերքումներին և պարզաբանումներին՝ պրոպագանդիստական որոշ ալիքներ, այդ թվում՝ «ռուսական արտադրության», սփռում էին ակնհայտ ուղղորդված և կեղծ տեղեկատվություն։ Ռուս ռազմական լրագրող, բլոգեր Սեմյոն Պեգովի «պաշտոնական ֆան ակումբի» տելեգրամյան ալիքը Հայաստանին էր մեղադրել ադրբեջանցի զինվորների վրա կրակ բացելու մեջ, այսօր էլ մեկ այլ տխրահռչակ ռուս գործիչ՝ ՌԴ Հանրային պալատի անդամ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածը Երևանի սադրանքն է:

Հիշեցնենք, որ սույն գործիչը, որը ՌԴ-ում Ադրբեջանի լոբբիստներից է, 2021 թվականին Ադրրբեջանի կողմից օկուպացված Շուշի մեկնած ՌԴ պատվիրակության կազմում էր։ ՌԴ մի խումբ խորհրդարանականներ, քաղաքագետներ, պատմաբաններ, փորձագետներ, հիշեցնենք, Շուշի էին մեկնել «Խաղաղության ամրապնդման հիմնախնդիրները Կովկասյան տարածաշրջանում» առաջին միջազգային համաժողովին մասնակցելու։

Սույն՝ Բաքվի կողմից վճարվող տխրահռչակ լոբբիստը, հիշեցնենք, օրերս էլ, երբ ՀՀ ՍԴ-ն ՀՀ Սահմանադրությանը համապատասխան համարեց Հռոմի կանոնադրությունը, ադրբեջանական հայտնի հեռուստաալիքներից մեկի խնդրանքով մեկնաբանել էր ՀՀ ՍԴ-ի որոշումն ու իրենց հատուկ ցինիզմով լուտանքներ տեղացել ՀՀ ղեկավարի հասցեին, նրան անվանել «դավաճան», «լպիրշ»։ «Այս որոշումը հուշում է, որ Փաշինյանը մտադիր է խզել կապերը ՌԴ-ի հետ, որ նա չի հարգում ՌԴ-ին և նախագահին։ Այս որոշումը վկայում է այն մասին, որ Հայաստանը ՌԴ-ի ոչ թե դաշնակիցն է, այլ՝ դավաճան, և ՌԴ-ն դրան պետք է հենց այդպես էլ վերաբերվի»,-հոխորտացել էր ռուս պրոպագանդիստը։

Ցավոք, Բաքվից ստացվող վճարի դիմաց իր պրոպագանդիստական ծառայությունները մատուցող Մարկովը միակը չէ, որը զբաղվում է ՀՀ-ի դեմ քարոզչական տեռորով՝ վերջինիս մեղադրելով ռազմական սադրանք հրահրելու մեջ։ Մարկովին երեկ ձայնակցում էին նաև նրա հայաստանյան «գաղափարակից ընկերները», որոնք իրենց քայքայիչ առաքելությունն իրականացնում են «Միասին» շարժման տրաֆարետի ներքո։ Ճիշտ այն ընթացքում, երբ Տեղում տեղի էին ունենում մարտական գործողությունները, «Միասին»-ականները, որոնց շարքերում էին նաև զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսը, Երևանի սրտում ահեղադղորդ, ֆաշիստական ոճի ելույթներ էին ունենում, սակայն ոչ թե ընդդեմ Բաքվի արնախում բռնակալի, այլ՝ «իշխող խունտային» «գրողի ծոցը» ուղարկելու մասին։ Սա այն շարժում է, որը օրեր առաջ էլ նիկոլականներին ծառերից կախելու կոչով էր հանդես գալիս։ Ազատության հրապարակում հավաքված, իրենց երգը վաղուց երգած գործիչների համաստեղությունը՝ Պարույր Հայրիկյան, Հրանտ Բագրատյան, Սերժ Սրապիոնյան, Արամ Գասպարի Սարգսյան, բոլոր թափուր պաշտոններում առաջադրվելու «զապաս թեկնածու» Էդգար Ղազարյան, Խոսրով Հարությունյան․․․․, բարձր տոնայնությամբ էին ելույթ ունենում, համարյա գոռալով ու մատ թափահարելով՝ կարծելով, որ իրենց ձայնից Ալիևը կահաբեկվի, իր սադրիչ զինվորական ստորաբաժանումներին հետ կքաշի ՀՀ սուվերեն տարածքից, կսսկվի ու տեղը վեր կընկնի։ Ապշեցուցիչ էր հատկապես հանրահավաքը վարող, «ճակատագրի հեգնանքով բայղուշի դեր կատարող» (բնորոշումն իրենն է) ստանձնած Սերժ Սրապիոնյանի բերանից հնչած հետևյալ ցնդաբանությունը, որը հղանալու համար Բաքուն պետք է վերջինիս շքանշանով պարգևատրի․ «Արդեն ռմբակոծվում է Պառավաքար գյուղը՝ Շամշադին։ Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ խունտան միայն Տեղ գյուղով չի բավարարվում, սա նշանակում է, որ խունտան նորից պատերազմով և զոհերով է մեր աչքը վախեցնում, որովհետև սարսափած է երկրում իրենց նկատմամբ գեներացված ատելությունից, շարունակում է նույն պրովոկացիան, որովհետև սա զուտ այստեղի ուղղորդմամբ տեղի ունեցող հարձակումներ են և զոհեր ենք տալիս․․․Մեր զոհերի թիվը հասավ 5-ի։ Այս արյունը նստած է այսօր իշխանության աթոռները զբաղեցրածների խղճին, նրանց մեղքն է, որ մենք կորցնում ենք ամեն օր մեր թանկ ռեսուրսը՝ մարդկային ռեսուրսը, մեր միտքը, մեր խիղճը, մեր հոգին»։ Նախկին Սփյուռքի նախարար, ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանի նախկին տեղակալի՝ Սրապիոնյանի, պարգևատրումը, ենթադրում ենք, լինելու է «Փառքի շքանշան»-ի տեսքով։

Նշենք, որ երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով արձանագրված զոհերի թիվը ոչ թե 5- է, այլ՝ 4, Պառավաքարի «ռմբակոծման» մասին լուրը ստահոդ է և կեղծ։ Իսկ այն, որ երկրում սրապիոնյանների պես անձինք ատելություն են գեներացնում իշխանության դեմ, ինչի մասին խոստովանեց նաև մտքի հեղինակը, բացարձակ ճշմարիտ է։ Ատելությունից կուրացած այս անձինք, փաստորեն, պատրաստ են ազգային անվտանգությունը ոտատակ տալ, իշխանությանը մեղադրել ընդդեմ Ադրբեջանի պրովոկացիաներ կազմակերպելու մեջ, միայն թե՝ հասնեն իրենց գերնպատակին՝ «թափթփուկների», «խունտայի հեռացմանը»։ Ընդ որում, մառազմատիկ ծերակույտի պատկերացմամբ, հեռացումը կարող է լինել «սահմանադրականից մինչև ոչ սահմանադրական, ընդունելիից մինչև ոչ ընդունելի»։

Նշենք, որ հանրահավքի ուղիղ եթերին հետևող ադրբեջանցիները «ծափերի», «բռավոների», «լայքերի» էին արժանացում «իրենց սրտից» ելույթ ունեցող հայազգի գործիչներին։

Ատելության գեներատորները երկրի համար արտակարգ՝ պատերազմական այս իրավիճակում, պարզվում է, մտադիր են չբավարարվել Երևանի կենտրոնում ֆաշիզմի, մարդակերության քարզչությամբ, այլ՝ այցելել մարզեր, մարդկանց ոտքի հանել, հաջորդ հանրահավաքն էլ, որը պետք է լինի այս «թափթփուկներին հեռացնելու» օրը, նշանակվել է ապրիլի 21-ին։

Քարոզչական վախկանալիայի եզրափակիչ «ակորդը» իրեն ադրբեջանագետ հռչակած Անժելա Էլիբեգովայի ֆեյբուքյան գրառումն էր Եռաբլուրի` «յոթ նոր փորված փոսերի» մասին։ «Հարցը էն ա, թե ով ա հրահանգել Եռաբլուրում նախապես նոր գերեզմաններ փորել…հ.գ. «նախապես»՝ ամիսներ առաջ (որ սխալ ընկալում չլինի)»,-գրել էր Քոչարյանի աջակից տիկինը, ընդ որում, երեք անգամ խմբագրելով գրառումը։ Առաջին տարբերակն այսպիսին էր․ «Հարցը էն ա, թե ով ա հրահանգել օրեր առաջ Եռաբլուրում նախապես նոր գերեզմաններ փորել…»։ Հարկ է նշել, որ սույն տիկինը հղում է արել անհայտ օգտատիրոջ, որը ինչ -որ լուսանկար է զետեզել, որտեղ պատկերված են փոսեր։ Էլիբեգովայի գրառմանն արձագանքած օգտատերերը փորձել են հասկացնել տիկնոջը, որ գերեզմանափոսերը փորվել են նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մասունքները հուղարկավորելու համար, իսկ ադրբեջանա-գերեզմանափոսագետ տիկինը հակադարձել է, թե հունվարի դրությամբ այդ փոսերը ֆիքսող անձ է եղել։

Եռաբլուրի ենթադրյալ փոսերի մասին ֆեյբուքյան օգտատիրոջ, ոմն Ալեքս Թովմասյանի գրառումը տիրաժավորել են ոչ միայն ֆեյբուքյան մահաբաղձ օգտատերերը, այլև Քոչարյանի քարոզչական սպասարկու կայքերից մեկը՝ «yerevan.today»-ը։ Ի դեպ, Ալեքս Թովմասյան օգտատերը ֆեյսբուքյան իր էջում առաջնագծի ամրացման աշխատանքների համար անհարաժեշտ առարկաների հավաքագրման մասին գրառումներ է անում, բանկային հաշվեհամարներ զետեղում, որոնց էլ պետք է արվեն դրամական փոխանցումները։

Հարց է ծագում՝ պատկան մարմինները, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությունը, արդյոք տեղյա՞կ են, որ առաջնագծին անհրաժեշտ ապրանքների համար ի լուր ամենքի, նման դրամահավաք է կազմակերպվում։ Օգտատիրոջ վերջին գրառումը արվել է 5 օր առաջ․ «Տղերքին շտապ պետք են` հեռադիտակներ, ռադիոհեռախոսներ, հոսանքի փոխակերպիչներ, գիշերային տեսողության սարքեր ու արևային լիցքավորիչով լուսարձակներ»։

Ի դեպ, ադրբեջանական պրոպագանդան օգտագործեց հայ օգտատերերի՝ Եռաբլուրի փոսերի մասին քարոզչական սադրանքը՝ երեկ տեղի ունեցած միջադեպը ներկայացնելով որպես ՀՀ-ի կողմից նախապես պլանավորված սադրանք։ Ալիևը, ենթադրում ենք, չի զլանա իր կողմից պարգևատրվող հայազգի քարոզիչների ցանկում ներառել նրանց ևս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ