Ռուսաստանը սկսել է Հայաստանի նկատմամբ ասիմետրիկ, հիբրիդային ճնշում գործադրել․ մենք պետք է սովորենք ապրել և անվերջ դիմադրել այս պայմաններում․ քաղաքագետ

Ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի և դրան հաջորդած իրադարձությունների և հայտարարությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Նշենք, որ հարցազրույցն արվել է ԵՄ-ի և ՌԴ-ի կողմից հնչեցրած հայտարարություններից առաջ։

— Պարոն Ղևոնդյան, Բաքվի երեկվա սադրանքը արդյոք որևէ կերպ փոխկապակցվա՞ծ է Սուրեն Պապիկյանի բրյուսելյան այցի կամ, օրինակ, այն փաստի հետ, որ ՀՀ-ն այս տարի կմասնակցի ԱՄՆ-ի կողմից կազմակերպված երկու զորավարժություններին։

— Ոչ միայն այդ սադրանքը, այլև խնդիր կա նաև մաքսային ընթացակարգերի հետ կապված, նոր կարգավորում, որը նախկինում եղել է, բայց չի պարտադրվել Հայաստանին, ինչը հիմա արվում է։ Եվ տեսնում ենք, որ տարբեր կողմերից ճնշումներ են գործադրվում Հայաստանի վրա․ մեծ հավանականությամբ դուր չի գալիս Ռուսաստանին Հայաստանի արտաքին վարքագիծը կապված թե՛ Պապիկյանի այցի, թե՛ այդ զորավարժությունների մասնակցության, թե՛ նաև այն հանգամանքի հետ, որ ՀՀ-ն հրաժարվում է ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելությունից։ Հավանաբար Ռուսաստանը սկսել է Հայաստանի նկատմամբ ասիմետրիկ, հիբրիդային ճնշում գործադրել, որոնցից երկուսի մասին արդեն խոսեցինք՝ մեկը Տեղ գյուղում տեղի ունեցած գործընթացն ու սադրանքները, որոնք ոչ առաջինը կլինեն, ոչ վերջինը, և նաև այն գործիքները տնտեսական առումով, որ ՌԴ-ն ունի հենց ԵԱՏՄ-ի միջոցով, որի մասին հասարակությունը, կարծես, տեղյակ չէ, բայց շատ խոշոր ու միջին բիզնեսներ գուցե չկարողանան գործունեություն ծավալել։

— Այսօր Ալիևը Հայաստանին է մեղադրել երեկ տեղի ունեցածի համար, բայց դա արել են նաև որոշ ռուսական շրջանակներ, օրինակ՝ Սերգեյ Մարկովը հայտարարել է, որ սադրանքի հեղինակը ՀՀ-ն է։

— Այո՛, Հայաստանի վրա համակարգված ճնշում է գործադրվում և օգտագործվում են ինչպես իմ նշած գործիքները, այնպես էլ այլ գործիքներ, որոնցից են, օրինակ, հասարակական ճնշումը հայտնի մարդկանց, փորձագետների կամ լրատվական հնարավորություններ ունեցողների միջոցով, ինչը քայլ առ քայլ իրականացվում է, և, հավանաբար, Հայաստանը շատ պետք է մեծ կամք դրսևորի, որպեսզի կարողանա դիմագրավել այս ճնշմանը։

— Միջազգային հանրության կողմից, կարծես թե, չկա արձագանք կամ դատապարտող հայտարարություն նաև ԵՄ դիտորդական առաքելության կողմից արձագանք չկա։

— Եվրամիության դիտորդների գործառույթը հիմնականում տեղեկատվության հավաքագրումը և փոխանցումն է, ինչը, կարծում եմ, երեկ ևս իրականացրել են։ Թեև հենց անմիջական այդ վայրում չեն եղել, բայց դա էլ հասկանալի է ՝ մարդիկ անվտանգության խնդիր ունեն ու հուսանք որ Հայաստանի արևմտյան գործընկերներից կլինեն հասցեական արձագանքներ և գործողություններ, որովհետև նման իրավիճակում ճիշտ չի լինի Հայաստանին մենակ թողնելը այս պահին ռուս-ադրբեջանական սադրանքների առջև։

— Բայրամովն այսօր հայտարարել է, թե ՀՀ-ն ապակառուցողական է, և միջնորդները ջանքեր են գործադրում Հայաստանին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ, ի՞նչ է ուզում ասել սրանով և կարող ենք ենթադրել, թե որ միջնորդների մասին է խոսքը։

— Ամենայն հավանականությամբ, խոսքը ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված բանակցությունների մասին է, որոնց Հայաստանը հրաժարվել է մասնակցել, այստեղ խնդիրն այն է, որ Ռուսաստանը ևԱրդբեջանը համագործակցված գործում են Հայաստանի դեմ, ու մասնակցելը այդ բանակցություններին որևէ էական հնարավորություն չի ստեղծում Հայաստանի համար իր շահերը առաջ մղելու։ Այլ կլիներ իրավիճակը, եթե օրակարգ մշակվեր և այդ օրակարգը ներառեր այն բոլոր խնդիրները, որոնք կան Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որոնք քննարկվել են նախկինում՝ սահմանագծման աշխատանքներ, խաղաղության պայմանագիր ևայլն։ Բայց, կարծես թե, Ադրբեջանը որդեգրել է և Ռուսաստանն էլ ամեն կերպ պաշտպանում է այդ դիրքորոշումը, որ առանձին-առանձին հարցերի վերաբերյալ Հայաստանից պետք է զիջումներ կորզել։ Իսկ Հայասատանը այլևս զիջումների գնալու տեղ չունի։

— Հայտնի է, որ ադրբեջանական կողմը ունի զոհեր և հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի, ըստ մեր Պաշտպանության նախարարության, արդյոք Ադրբեջանը նոր սադրանքների չի՞ գնա սողացող պատերազմի միջոցով։

— Ես նշեցի արդեն, որ Ադրբեջանը շարունակում է սողացող պատերազմը ևկշարունակի, այստեղ խնդիրն այն է, որ Բաքուն անկախ նրանից դիրքային առաջխաղացում ունենա, թե չունենա ևնույնիսկ եթե կորուստներ ունենա՝ իր ռազմատենչ քաղաքականությունից չի հրաժարվելու ու չի հրաժավելու ոչ թե այն պատճառով, որ ունի ունի կամ չունի առաջխաղացում, այլ այն պատճառով, որ այս ամենը համակարգված է, մշակված և իրականացվում է Հայաստանին վերջնական զիջումներ պարտադրելու՝ իրենց, այսպես կոչված, միջանցքը ստանալու, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, բոլոր հարցերում Հայաստանին որպես պարտվող կողմ կապիտուլյացիայի ենթարկելու համար։ Բայց Հայաստանի դիրքորոշումն այլ է, և, կարծես թե, Հայաստանը որոշակի հնարավորություններ ունի իր դիրքորոշումը պաշտպանելու և հուսանք մոտ ժամանակներս այդ դիրքորոշումները հնարավորություն կլինի պաշտպանել նաև ռազմական ուժի միջոցով։

— Ի՞նչ հնարավորության մասին է խոսքը, որքան կարող ենք մենք դիմադրել։

— Մենք պետք է անվերջ դիմադրենք, այս գործընթացը ավարտուն չէ, 1922 թվականին երբ ավարտվեց, կարծես թե, պատերազմը, բայց 70 տարի հետո ավելի մեծ ուժգնությամբ սկսվեց։ Մենք պետք է սովորենք ապրել այս պայմաններում, ինչպես, օրինակ, Իսրայելն է ապրում արաբներով շրջափակված՝ պաշտպանել ինքներս մեզ, հակահարված տալ թշնամուն և ամեն տեղ մեր շահերը հնարավորինս առաջ տանել։

— Չավուշօղլուն օրեր առաջ Լավրովի հետ հանդիպմանը դրական կոնտեքստում խոսել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, բայց դրան զուգահեռ տեղի ունեցավ ադրբեջանական սադրանքը։

— Այո՛, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է և ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ խոսեց այդ մասին։ Նա նշեց, որ կա պայմանավորվածություն երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը, ես կարծում եմ այս գործընթացները իհարկե ունեն որոշակի փոխկապակցվածություն, բայց մեկը մյուսին չի խանգարելու, այսինքն՝ կարող է սահմանը բացվել և դրական գործըթնաց տեղի ունենալ, բայց միաժամանակ Ադրբեջանի սադրանքները չեն դադարելու ու Թուրքիայի աջակցությունն էլ Ադրբեջանին չի դադարելու, եթե սահման բացվում է, դա չի նշանակում, թե Թուրքիան հրաժարվում է աջակցել Ադրբեջանին այս հարցերում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ