Սպորտը հաշմանդամություն ձեռք բերած տղաների մեջ ամրացնում է հաղթողի ոգին․ ինչպես է ՀՀ-ում զարգանում հաշմանդամային սպորտը և որքանով է այն պետության ուշադրության կենտրոնում

Հաշմանդամային սպորտը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող մարդկանց չհանձնվել ու կյանքում առաջ շարժվել։  Վիրավոր ու հաշմանդամ զինվորներին սպորտն օգնում է վերականգնվել ու կյանք վերադառնալ: 

Հայաստանում հաշմանդամային սպորտը դեռ զարգացման փուլում է,  մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարզիկների ձեռքբերումների, այս հարցում պետության դիրքորոշման ու ապագա ծրագրերի մասին Zarkerak.am-ը զրուցել է «ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի» նախագահ Սարգիս Ստեփանյանի հետ։

Սարգիս Ստեփանյան

«Հայաստանում հաշմանդամային սպորտը զարգանում է, ինչ-որ ձևով գնում է առաջ: Կան սպորտաձևեր, որ ավելի մեծ թափով են զարգանում, բայց կան նաև սպորտաձևեր, որտեղ որոշ խնդիրներ ունենք: Օրինակ՝ ես և մեր ֆեդերացիան մեծ ուշադրություն ենք դարձնում պարածանրամարտ սպորտաձևին, որի շուրջ շատ լուրջ աշխատանքներ ենք կատարում, ամենօրյա մարզումներ են անցկացվում պրոֆեսիոնալ մարզիչների կողմից բժիշկների հսկողության տակ, ունենք նաև մարզիկներ, որոնց հետ կապված մեծ սպասելիքներ ունենք ու իրենց շատ լուրջ մոտեցում ենք ցուցաբերում: 2023-2024 թվականներին հնարավոր է, մենք դեռ աշխարհում չերևանք, բայց առաջիկա տարիներին մեր մասին կլսեն, որովհետև արդեն 4 տարի է տղաները մարզվում են: Պարածանրամարտի Հայաստանի առաջնություն ենք անցկացնում շատ բարձր մակարդակով, կազմակերպում ենք հնարավորինս մոտ միջազգային կանոնակարգին, որ մարդիկ ոգևորվեն ու գնան առաջ: Անց ենք կացնում պարաբազկամարտի առաջնություն, էլի շատ մեծ թիմ ունենք, երկար տարիների մարզումների շնորհիվ հիմա լավ արդյունքներ ենք գրանցում: Հունիսի սկզբին Եվրոպայի առաջնությանն ենք մասնակցելու»:

Ստեփանյանը հպարտանում է բազկամարտի թիմով և նշում՝ ունեն Եվրոպայի, Աշխարհի առաջնությունների հաղթողներ, մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներ․ «Թիմային արդյունքով երրորդ հորիզոնականում ենք։ Պարզապես պարաբազկամարտը դեռևս պարալիմպիկ մարզաձև չի համարվում, քննարկման փուլում է, հնարավոր է 2028 թվականին ընդգրկվի պարալիմպիկ սպորտաձևերի կազմում»:

Սարգիսը բազկամարտի Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների բազմակի հաղթող է, բայց նաև զբաղվում է գնդի հրում և սկավառակի նետում սպորտաձևերով․ «Վերջերս միջազգային բաց առաջնության մասնակցեցի, երկրորդ տեղը զբաղեցրի, Դուբայում հինգերորդ տեղը զբաղեցրի, արդեն մոտ եմ վարկանիշ ձեռք բերելուն: Իմ փորձը ես փոխանցում եմ մեր տղաներին, մեկս մյուսով գնում ենք առաջ»:

Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ պետական մակարդակով բավարար ուշադրություն դարձվում է հաշմանդամային սպորտին․ «Օրինակ պետությունն ասում է Եվրոպայի, Աշխարհի առաջնություններին կամ Պարալիմպիկ խաղերին մրցանակային տեղեր զբաղեցրեք և կստանաք այսքան թոշակ, դա նույն թոշակն է, ինչը ոչ պարալիմպիկ սպորտաձևերի դեպքում: Նաև ասում է, եթե մրցանակային տեղեր չեք զբաղեցնում, 4-24-րդ հորիզոնականները զբաղեցրեք և կստանաք 120 հազար դրամ թոշակ: Այսինքն, ամեն ինչ անում են, որ մարզիկը ոգևորվի և գնա առաջ: Իհարկե, պարալիմպիկ սպորտաձևերից մեդալ բերելն այդքան հեշտ չի, երկար տարիների ճիշտ մոտեցում է պետք, դրա համար հիմա մենք ջանք չենք խնայում, որպեսզի նման արդյունքներ գրանցենք: Նաև ասում է՝ վարկանիշ ձեռք բերեք, վարկանիշի համար ևս թոշակ կստանաք, ամեն ինչի համար էլ կա պետության աջակցությունը, ուղղակի խնդիրն այն է, որ մենք արդյունքներ չունենք, դրա համար չենք օգտվում այդ աջակցությունից»:

Սարգիս Ստեփանյանը նշում է, որ իհարկե խնդիրներ կան հաշմանդամային սպորտում, բայց կախված նրանից, թե ինչ սպորտաձևի մասին է խոսքը: Ստեփանյանն ասում է, որ օրինակ սպորտաձևեր կան, որ շատ ֆինանսական ծախսեր են պահանջում:

Անդրադառնալով 2020 թվականի պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերած մարզիկներին՝ Սարգիս Ստեփանյանը նշում է․ «Հաշմանդամություն ունեցող մարզիկների թիվը պատերազմից հետո իհարկե ավելացել է: Սպորտը շատ-շատ է օգնում այդ տղաներին, որ ոտքի կանգնեն: Սպորտը հաշմանդամություն ձեռք բերած մարզիկների մեջ ձևավորում է հաղթողի գաղափարը, կերպարը, որն առհասարակ կյանքում հեշտացնում է ապրելը և վստահ առաջ գնալու հնարավորություն է տալիս: Պատերազմից հետո տղաները եկել են մեզ մոտ, վերականգնվել են, պրոթեզներ են ձեռք բերել, հետո մի մասին տեղավորել ենք նաև աշխատանքի, մեծ մասը նաև մարզվում են մեզ մոտ տարբեր սպորտաձևերով: Առաջիկա օրերին մեր նոր մարզասրահի և վերականգնողական կենտրոնի բացումը կանենք, շուտով կտեղափոխվենք այդտեղ և մեր մարզումներն արդեն այդտեղ կշարունակվեն»:

Հաշմանդամային սպորտի զարգացման մասին զրուցեցինք նաև «Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիայի» նախագահ Ստաս Նազարյանի հետ․ «Ընդհանրապես, Հայաստանում հաշմանդամային սպորտը դանդաղ է զարգանում, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ կարողանանք ճանաչելի դարձնել այն: Դրա համար պետք է պետական մեծ աջակցություն, համեմատած մի քանի տարի առաջվա հետ, հիմա հաշմադամային սպորտի բյուջեն բավականին ավելացել է, բայց դա էլ քիչ է, որովհետև Հայաստանի ամբողջ պարալիմպիկ թիմին, որտեղ ներառված են տասնյակից ավել սպորտաձևեր, տրամադրվում է, եթե չեմ սխալվում տարեկան 100 միլիոն դրամ: Օրինակ՝ մեր աթլետիկայի թիմը, երբ մասնակցում է մի միջազգային մրցաշարի, դա արդեն մոտ 7-8 միլիոնի չափ գումար է պահանջում: Այսինքն, երբ այդ գումարը բաժանվում է թիմերի, մարզաձևերի միջև, դրանով հնարավորություն չի լինում զարգացնել սպորտը: Ես՝ որպես մարզիկ, շատ մրցաշարերի մասնակցում եմ իմ անձնական միջոցներով (Ստասը զբաղվում է սայլակավազքով և լեռնադահուկային սպորտով): Այսինքն, ես իմ անձնական միջոցներից օգտագործում եմ թե՛ մարզումների, թե՛ մրցումների համար, որ կարողանամ գոնե ինչ-որ չափով ակտիվ լինել, սպորտի մեջ լինել»:

Ստաս Նազարյան

Ստաս Նազարյանը նշում է, որ կա նաև փորձի պակասի խնդիրը․ «Երբ մենք տարվա մեջ չենք մասնակցում շատ միջազգային մրցաշարերի, հետ ենք մնում զարգացումից: Պետք է տարվա մեջ գոնե մի քանի միջազգային մրցաշարի մասնակցել, փորձի փոխանակում ունենալ, այսինքն մեր մարիզկների ֆիզիկական վիճակը շատ լավ է, միայն փորձի պակասն է խանգարում»:

Ստասն ասում է, որ եթե հաշմանդամություն ունեցող մարզիկները միջազգային մրցաշարերի են մասնակցում (Եվրոպայի, Աշխարհի առաջնություններ, Պարալիմպիկ խաղեր) և մինչև 24-րդ տեղն են զբաղեցնում, ամսական 120 հազար թոշակ են ստանում․ «Ես և էլի 5-6 մարզիկ ունենք, որ  մեկ տարի է ստանում ենք այդ թոշակը։ Հիմնականում պետությունը ֆինանսավորում տալիս է հենց միջազգային մրցաշարերին մասնակցելու համար: Իհարկե, մենք չենք ունեցել նշված մրցաշարերին մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներ, բայց բարձր կարգի մրցաշարերի մասնակցել ենք, օրինակ՝ ես անցյալ տարի մասնակցել եմ այդ մրցաշարին լեռնադահուկային սպորտով և երրորդ տեղը զբաղեցրի, այս տարի էլ եմ մասնակցել էլի նույն մարզաձևից և երկու ոսկե մեդալ եմ նվաճել, բայց այս մրցաշարերին մասնակցել իմ ձեռք բերած միջոցներով»։

Ստաս Նազարյանն էլ ընդծում է, որ պատերազմից հետո բավականին մեծ թվով հաշմանդամություն ունեցող տղաներ են իրենց կազմում ներառվել, որոնց հետ հենց ինքն է աշխատում․ «Շուրջ 20 տղաների հետ եմ աշխատում, իրենց սպորտի մեջ եմ ներգրավում, այսինքն, այդ տղաներն էլ են պատրաստ պրոֆեսիոնալ մարզիկներ դառնալ, նրանք շատ երիտասարդ են և շատ ուժեղ: Ես ամեն ինչ փաստերով եմ ասում՝ պատերազմից հետո 2021 թվականի հունվարից մինչ օրս ես մարզում եմ տղաներին և կազմակերպում եմ մի շարք ուսումնամարզական հավաքներ Ծաղկաձորում, տարվա մեջ երեք-չորս անգամ: Երբ առաջին անգամ ես այդ տղաներին ընդգրկեցի մեր հավաքներին, նրանք նույնիսկ իրենց տներից չէին ուզում դուրս գալ, շատ բարդ հոգեկան վիճակի մեջ էին, կազմակերպված միջոցառումներից հետո տղաները շատ արագ փոխվեցին, սպորտը շատ արագ փոխեց իրենց կյանքը: Երբ շուրջ 20 տղաներ նույն կարգավիճակում են, նույն հոգեվիճակում, մեկը մեկին սփոփում է և ավելի թեթև են ապրում ու ավելի հեշտ են հաղթահարում դժվարությունները: Տղաներից 3-ն արդեն միջազգային մրցաշարերի են մասնակցել, մասնակցում են սայլակավազքով և լեռնադահուկային սպորտաձևով, դա արդեն արդյունք է: Հիմնականում Ծաղկաձորում են մարզումներն անցկացվում»։

Ստաս Նազարյանը հպարտորեն է նշում, որ այդ տղաների ոգին շատ ուժեղ է․ «Իրենց համար Հայաստանը մի ուրիշ առանձնահատկություն ունի, իրենք դրանով են ապրում: Իրենք մտածում են, որ կիսատ մնացած գործ ունեն և ուզում են սպորտի միջոցով աշխարհին ցույց տալ, որ հայ ազգը դեռ կա ու շարունակում է առաջ գնալ»:

Zarkerak.am-ը հաշմանդամային սպորտի զարգացման և պետական աջակցության մասին զրուցել է նաև ԿԳՄՍՆ Զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանի հետ․ «Սպորտի քաղաքականությունից ելնելով՝ մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել հաշմանդամային սպորտի զարգացումը, որովհետև այն շատ կարևոր է: Վերջին տարիներին՝ 2020 թվականից սկսած, հաշմանդամային սպորտի ֆինանսավորումը շեշտակիորեն աճել է: Ես ներկայացնեմ 2022 թվականի տվյալները: Ադապտիվ սպորտի ֆինանսավորումը պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ի կողմից 2022 թվականին իրականացվել է 8 հասարակական կազմակերպության միջոցով, դրանք են՝ «Հայաստանի կույրերի միավորումը», «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն», «Կույրերի հայկական սպորտային կոմիտեն», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն, «ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան», «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան», «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան» և «Ռաֆտինգի հայկական ազգային ֆեդերացիան», որն իրականացրել է Հայաստանի պարառաֆտինգի առաջնություն 2022 թվականին: Պետությունն ընդհանուր տրամադրել է մոտ 112 միլիոն դրամ այդ կազմակերպություններին»:

Սերգեյ Աբրահամյան

Աբրահամյանը նշում է՝ 2022 թվականի ընթացքում ադապտիվ սպորտին առնչվող ծրագրի շրջանակում իրականացված առաջնությունները․ «Անցկացվել է 9 ՀՀ առաջնություն, 3 ուսումնամարզական հավաք, 3 մարզական զանգվածային միջոցառում, հաշմանդամություն ունեցող մարզիկները մասնակցել են 9 միջազգային մրցումների: Օրինակ՝ «Խուլերի հայկական սպորտային կոմիտեն» մասնակցել է Սուրդլիմպիկ խաղերի, այս խաղերն իրենց բնագավառի համար, եթե համեմատություն անենք՝ կարծես օլիմպիական խաղեր լինեն: Այդ խաղերը Բրազիլիայում են անցկացվել, մեր մարզիկները նվաճել են 5 բրոնզե մեդալ՝ ըմբշամարտ և ձյուդո մարզաձևերում: Արդյունքներ ենք ունեցել նաև «Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի» մարզիկների կողմից, ինչպես նաև  «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի» կողմից իրականացված միջոցառումների արդյունքում»:

Անդրադառնալով պետության կողմից տրամադրվող աջակցությանը, Սերգեյ Աբրահամյանն ասում է․ «Կա Կառավարության որոշում, որով հստակ սահմանվում է հաշմանդամություն ունեցող մարզիկների պարգևատրման չափը: Կան նպաստներ, կան միանվագ վճարներ, որոնք ըստ գրանցած արդյունքի են տրամադրվում, Եվրոպայի, Աշխարհի առաջնություններին և Պարալիմպիկ կամ Սուրդլիմպիկ խաղերին  ցուցաբերած արդյունքների համար՝ իհարկե մարզիկները պարգևատրվում են»:

Աբրահամյանը նշում է, որ հիմա էլ աջակցության չափի փոփոխություն է կատարվում․ «Այս պահի դրությամբ գումարի չափն է սահմանվում, օրինակ՝ ինչքան է ստանում Օլիմպիական խաղերի հաղթողը և ինչքան՝ Պարալիմպիկինը: Մինչև հիմա Պարալիմպիկ խաղերի հաղթող չենք ունեցել, դրա համար համահավասարեցումը չի ազդել ոչ մեկի վրա: Մենք հետագայի համար նախատեսում ենք մեծ սպորտի մրցաշարերին հաղթելու դեպքում գումարի չափի հավասարեցում»:

Խոսելով մարզումների պայմանների մասին՝ Աբրահամյանը շեշտում է․ «Պետությունը ֆինանսավորում է ՀԿ-ներին, ՀԿ-ների իրավասությունն է մարզման պայմանները բարելավել, լավացնել, նոր հնարավորություններ ստեղծել: Մենք ընտրում ենք այն ՀԿ-ներին, որոնք պետության տեսակետից կարող են այս բնագավառում գործունեություն ծավալել»:

Աբրահամյանը չի բացառում, որ հաշմանդամություն ունեցող մարզիկը որևէ միջազգային մրցաշարում հաղթելու դեպքում կընդրգկվի տարվա 10 լավագույն մարզիկների թվում․ «Եթե այդ մարզիկները հաղթեն որևէ մրցաշարում՝ Եվրոպայի, Աշխարհի առաջնություն, Պարալիմպիկ խաղեր, հնարավոր է նաև ներառվեն տարվա 10 լավագույն մարզիկների թվում: Որևէ խտրականություն չկա»:

Սերգեյ Աբրահամյանն ընդգծում է՝ իրենք ուշադրության կենտրոնում են պահում այս ուղղությունը:

Նշենք, որ ԿԳՄՍՆ-ից նաև հայտնում են, որ 2021 թվականից սկսած հաշմանդամային սպորտի պետական ֆինանսավորման ծավալն աճել է ավելի քան 10 անգամ` գերազանցելով 100 մլն դրամի շեմը: Այսպես` 2021 թվականին հատկացվել է, ընդհանուր առմամբ, 104 մլն դրամ՝ տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների անցկացման և մասնակցության համար: 2022 թվականին հաշմանդամային սպորտի պետական աջակցության գումարը կազմել է ավելի քան 112 մլն դրամ, իսկ 2023 թվականին կկազմի ավելի քան 121 մլն դրամ: 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ