Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը

2022 թվականին տված իր հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանը, խոսելով նախագահի թեկնածու առաջդրելու մասին, հայտարարել էր, որ իր համար լավագույնը Հայ առաքելական եկեղեցու որևէ սրբազանի տարբերակն է:

Քոչարյանը շեշտել էր, թե սա նաև առաջարկ է, որի շուրջ կարելի է պայմանավորվել:

«Եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ անաչառ և ազգային շահերով նախագահ, լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կլինի: Հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնը՝ իմ համոզմամբ: Եվ այդպիսի մարդիկ կան: Ե՛վ հարգանք վայելող, և՛ իսկապես ազգային շահերով առաջնորդվող մարդիկ կան: Համարեք սա առաջարկ: Եվ այդ առաջարկի շուրջ, այո, կարելի է պայմանավորվել»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ Տավուշի համար պայքարը տեղափոխվում է Երևան, և ոտքով քայլելով գալու են մայրաքաղաք:

Արքեպիսկոպոսի սույն նախաձեռնությունը ոգևորություն է առաջացրել Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և նրանց համախոհների շրջանում, այն ողջունել են նաև որոշ հասարակական և քաղաքական գործիչներ, որոնց առաջադրված են մեղադրանքներ, և նրանք գտնվում են հետախուզման մեջ:

Մասնավորապես նախաձեռնությանը մինալու և աջակցելու մասին հայտարարել են Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բազմաթիվ պատգամավորներ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ԴԱՀԿ նախկին պետ, «Հայոց համազգային միասնություն» կուսակցության ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան), ՀՀԿ փոխնախագահ, պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով կալանավորված Արմեն Աշոտյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և այլ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներ ու խմբեր:

Արդյո՞ք Քոչարյանի այս հայտարարությունը պատահական էր, թե՞ ի սկզբանե նա արդեն իսկ ակնարկում էր, որ Բագրատ արքեպիսկոպոսը մտնելու է քաղաքականություն, և կա նման պայմանավորվածություն:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ