Բաքվի բռնապետի վիճակը նման է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյինի վիճակին, ով գնաց արկածախնդրության ճանապարհով. փորձագետ

Ադրբեջանը շարունակելու է ճնշումներ գործադրել Արցախի վրա։ Ճնշումները լինելու են ինչպես համոզելու, այնպես էլ անելանելի վիճակներ ստեղծելու ձևաչափերով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով.

«Ադրբեջանին մնացել է բացառապես այս ճանապարհով կորզել Արցախից համաձայնություն, որպեսզի բռնազավթի Արցախն ամբողջությամբ։ Այս կերպ Ադրբեջանը փորձում է լուծել ապագայի հարցը։ Եթե որևէ ստորագրություն դրվի որևէ փաստաթղթի տակ, որով Արցախն ինքը համաձայնվում է ապրել որևէ ձևաչափով Ադրբեջանի կազմում, կամ Ադրբեջանի հետ, ապա դրանով Ադրբեջանը օրինական ճանապարհով լուծում է Արցախը ադրբեջանականացնելու հարցը, հետևապես Արցախը հայաթափելու խնդիրը այլևս կդառնա շատ կարճ ժամանակի հարց։

Այս ճանպարհով Ադրբեջանը այլևս զրկում է թեկուզ հետագայում ազատագրական պայքարով Արցախը վերադարձնելու շանսը, քանի որ կլինեն փաստաթղթեր և ստորագրություններ, որն էլ միջազգային ասպարեզում անընդհատ կթափահարի Ադրբեջանը։

Իսկ եթե Արցախը տեղիք չտա, շարունակի դիմադրել, շարունակի պնդել իր դիրքորոշումը, ապա Ադրբեջանին մնում է մեկ ճանապարհը՝ ուժի բացահայտ կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ։ Իսկ այս դեպքում Ադրբեջանը շատ ռիսկային և կործանարար իրավիճակում կարող է հայտնվել։

Ադրբեջանը կընկալվի որպես ցեղասպանություն իրականացնող պետություն, այն էլ կանոնավոր բանակով, եթե նույնիսկ ռազմական ճանապարհով հասնի Արցախին և հայաթափի Արցախը, ապա ապագայում հնարավոր ազատագրական պայքարի դեպքում չի կարող և ոչ մի միջազգային մեխանիզմ գործադրել՝ պայքարը չեզոքացնելու համար։

Սակայն մինչ վերը շարադրված սցենարները, Արցախը կշարունակի մնալ հայկական, Արցախում կշարունակեն ապրել բնիկները, եթե այս դժվարին շրջանում անընդհատ սեղմվող օղակին դիմադրեն համառությամբ, ապա Ադրբեջանը տեղիք է տալու։

Ուժի կիրառումը Արցախի նկատմամբ, իմ կարծիքով, քիչ հավանական է, չեմ խոսում սադրանքների մասին, այլ լայնածավալ ուժի կիրառման։ Այս դեպքում ոչ միայն ռուս խաղաղապահների գործոնն է, այլ նաև միջազգային գործոնը։ Քանի որ լայնածավալ ռազմական գործողության դեպքում խաղաղ բնակչությունը անգամ Արցախից դուրս գալու հնարավորություն չունի, ասել է թե, շրջափակված է, այսինքն՝ միջազգային հանրությունը կդիտարկի որպես ցեղասպանություն խաղաղ բնակչության նկատմամբ։

Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա նման արկածախնդրության և այդ քայլով վերջ կդնի ադրբեջանական պետության գոյությանը։

Ադրբեջանի և Բաքվի բռնապետի այսօրվա վիճակը շատ նման է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյինի վիճակին, ով գնաց արկածախնդրության ճանապարհով և կազմակերպեց քրդերի ցեղասպանություն․․․

Ի դեպ, լծակներ ունեցող և գործով զբաղվողներին խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել Իրաքի և Իրաքյան Քրդստանի նախադեպերը…»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ