17 ԱԹՍ, 2 ստորջրյա դրոն, գիշերային տեսանելիության սարքեր․ ՓԾ տեխնիկական հագեցվածության համար 871 մլն դրամ է հատկացվել

2022 թվականին ճշգրտվել են ՀՀ մարզերի տարածքներում առկա քարաթափումների վտանգավոր տեղամասերը: Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից Տավուշի մարզի՝ 2, Լոռու մարզի՝ 13, Գեղարքունիքի մարզի՝ 6, Վայոց ձորի մարզի՝ 3, Սյունիքի մարզի՝ 6 քարաթափման վտանգավոր տեղամասերում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականը:

«Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ ուղղաթիռով ջրաթափ սարքի կիրառմամբ անտառային խոշոր հրդեհների ժամանակ անհասանելի տեղանքներում իրականացվել է հրդեհաշիջում: Առկա է մեկ ջրաթափ սարք. նախատեսվում է ձեռք բերել եւս մեկը՝ երկու ուղղաթիռով արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- ընդգծել է նախարարը:

Հաշվետու ժամանակահատվածում փրկարար ծառայությունը համալրվել է 17 ԱԹՍ-ով, 2 ստորջրյա դրոնով, 2 գիշերային տեսանելիության սարքով, 1 լազերային սարքով, 1 հրշեջ ավտոմեքենայով, 1400 հատ լրակազմ հրշեջ համազգեստով եւ այլն:

Կառավարության որոշմամբ փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածվության բարելավման նպատակով պետբյուջեից հատկացվել է 871 մլն դրամ:

Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից անցկացվել են մի շարք ուսումնավարժություններ եւ այլ աշխատանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ