Շառլ Ազնավուրի արձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում, իսկ Ռոդենի ստեղծագործությունը կտեղափոխվի

Այսօր Երևանի ավագանու նիստում համաձայնություն տրվեց Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղադրելուն:

Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի գրությունը, որով առաջարկվում էր Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ Երևան քաղաքում տեղադրել մեծանուն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը:

«Մեր նախնական քննարկումների տեղադիրքը եղել է հենց Շառլ Ազնավուրի հրապարակը: Հաշվի առնելով սույն վայրում տեղադրված Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխման հարցը քաղքացիների համար ավելի տեսանելի և դիտարկելի հատված՝ առաջարկվում է Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կետրոնական հատվածում, իսկ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը՝ նույն Ֆրնասիայի հրապարակում՝ մայթեզրին ավելի մոտ հատվածում»,- նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Վերջինիս խոսքով՝ շուտով կիրականացվեն հուշարձանի էսքիզային և ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները և Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխումը Ֆրանսիայի հրապարակի մեկ այլ հատված. «Ներկայումս քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը: Քանդակը, մայթին ավելի մոտեցնելով, հանրությունն առավել հարմար և մոտ դիտակետից կարող է տեսնել Ռոդենի ստեղծագործությունը, ինչը, ներկայումս արձանի փոքր չափով պայմանավորված լինելով, գրեթե անտեսանելի է»:

Հատկանշական է, որ Շառլ Ազնավուրի հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում, ինչը, ժամանակակից քանդակագործությանը բնորոշ տարր հանդիսանալով, Երևանում դրվելիք արձանի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն կառաջացնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ