Ադրբեջանը «գցում» է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը «գցում» է Հայաստանին ու Արցախին

Բաքուն ցանկանում է հեղինակազրկել ՌԴ խաղաղապահ առաքելությունը: Այս միտքը հնարավոր է լսել պարբերաբար և այն առատորեն շրջանառվում է նաև Լաչինի միջանցքի արգելափակման այս օրերին: Այն հնչեցնում են նաև Արցախի ղեկավարության ներկայացուցիչներ, ՌԴ պատգամավորներ, տարբեր փորձագիտական և հասարակական շրջանակներ: Բաքուն իհարկե կարող է անել այդ փորձը, այդ կերպ ձգտելով լուծել մի շարք հարցեր, այդ թվում նաև ՌԴ հետ հարաբերությունում:

Գլխավոր խնդիրը այստեղ այն է, թե ի՞նչ կարող է անել Ռուսաստանը այդ խաղաղապահ մանդատի հեղինակազրկում թույլ չտալու համար: Եթե Ռուսաստանի խաղաղապահ մանդատի հեղինակությունը Բաքվի ձեռքում է ու այն պարբերաբար դառնալու է խաղալիք, իսկ դրա հետևանքը իր վրա զգալու է Արցախի ժողովուրդը, ապա պետք է արձանագրել այդ հանգամանքը և Ռուսաստանն էլ պետք է միանա Հայաստանին և բարձրաձայնի ռեգիոն միջազգային խաղաղապահ մանդատ տեղակայելու հարցը, այդ կերպ փրկելով սեփական հեղինակությունը:

Քաղաքական, աշխարհաքաղաքական առկա իրողությունների պարագայում դա իհարկե հնչում է շատ պարզունակ, սակայն պետք է խոստովանել, որ խաղաղապահ ռուսական մանդատի հեղինակությունը բավականին թանկ է արժենում Արցախի համար, իսկ որոշակի իմաստով էլ նաև Հայաստանի համար: Բայց, ռուսական խաղաղապահ մանդատի հեղինակազրկումը այն է, ինչ փորձում է ոչ միայն Ադրբեջանը, այլ որի փորձը անկասկած կբավարարի նաև ռեգիոնի հանդեպ հետաքրքրություններ ցուցաբերող այլ դերակատարների քիմքը: Այդպիսով ստացվում է, որ Բաքուն գցում է խաղաղապահների վարկը, իսկ Ռուսաստանն այդ վարկը «փրկելու» համար «գցում» է Հայաստանին կամ Արցախին:

Մեծ հաշվով աշխատում է այդ բանաձևը, որից սեփական օգուտ այս կամ այն չափով քաղում են գործնականում բոլորը, բացի Հայաստանից ու Արցախից: Իսկ ի՞նչ անեն Հայաստանն ու Արցախը, բանաձևի այդ վտանգավոր «ցիկլի» կրկնություններից խուսափելու համար: Հայաստանում խիստ տարածված է այդ հարցի պատասխանը այն ուղղություններում փնտրելը, որտեղ հենց առկա է ռուսական մանդատի վարկաբեկման շահագրգռություն, հետևաբար, չնայած հայտարարություններին, բավականին թույլ, գրեթե զրոյական է լինելու Ադրբեջանին կանգնեցնելու ցանկությունը: Ադրբեջանի մոտ էլ զրոյական է լինելու ռուսական մանդատն այլով փոխելու ցանկությունը, քանի որ այլ մանդատ վարկաբեկելը լինելու է զգալիորեն ոչ շահեկան և դժվար, մի շարք պատճառներով: Ուրեմն, ո՞րն է ելքը մեզ համար:

Անկասկած է, որ պետք է փնտրել ելքի նոր ուղղություն, ընդ որում հասկանալով, արձանագրելով, որ դա պահանջելու է շատ խորը և ինստիտուցիոնալ աշխատանք: Մեզանում անգամ ելքի փնտրտուքի մեթոդաբանական բանաձևերի հարցում ռացիոնալ որոշումների և արձանագրման հարց կա, ուր մնաց ելքի բովանդակության:

Աղբյուրը՝  1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ