Ադրբեջանի քաղաքական նպատակը մեկն է՝ վերջնականապես Լաչինի միջանցքն իր վերահսկողության տակ վերցնելը և հետագայում Արցախի հայաթափումը

Դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն հայտնում է, որ մայրուղին մինչ այս պահը երկկողմանի փակ է:

Zarkerak.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ իրավիճակն այժմ այնքան էլ պարզ չէ. «Կա երկու վարկած. առաջինն այն է, որ դա զուտ ադրբեջանական դիրքորոշումն է, Ադրբեջանը միայնակ է գործում այս ամենում, միանշանակ այդ չակերտավոր բնապահպանները ղեկավարվում են ադրբեջանական Ներքին գործերի, Ազգային անվտանգության նախարարությունից, այսինքն դա քաղաքական քայլ է: Ես սա կհամեմատեի արաբա-իսրայելական հարաբերություններում կատարվողի հետ, երբ արաբները կանանց են առաջ մղում, երեխաներին են առաջ մղում և այդ ամենի շղարշի տակ փորձում են քաղաքական հարցեր լուծել: Ադրբեջանի քաղաքական նպատակը մեկն է՝ վերջնականապես Լաչինի միջանցքն իր վերահսկողության տակ վերցնելը և հետագայում Արցախի հայաթափումը, այնպես, ինչպես պատկերացնում են Ադրբեջանում՝ Արցախի հարցի լուծումը: Երկրորդ տարբերակն այն է, որ այս գործողությունների թիրախը «Զանգեզուրի միջանցքն» է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է տանել զուգահեռներ Լաչինի միջանցքի և «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակների միջև»:

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը ձգտում է հասնել Արցախի հայաթափման. «Նրանք ցանկանում են Արցախում ստեղծել պայմաններ, որոնք անհամատեղելի են նորմալ մարդկային կացության կյանքի հետ, այսինքն ստեղծել մի իրավիճակ, որում արցախցիները կլքեն իրենց հայրենիքը: Եթե արցախցիները համառ գտնվեն ու ոչ մի կերպ դա չանեն, շարունակեն ապրել իրենց տներում, այդ դեպքում արդեն Ադրբեջանը կդիմի ռազմական սադրանքների և այո, հնարավոր են սպանություններ, որովհետև դա Ադրբեջանի գործելաոճն է: Ադրբեջանի համար կարևորը տարածքն է, նրանք տեսնում են Արցախի վերջնական լուծումը Արցախի հայաթափման մեջ»:

Քաղաքագետն այս ամենի արդյունքում ռազմական գործողությունների վերսկսումն իրատեսական չի համարում. «Ես մոտ ապագայում լայնամասշտաբ պատերազմի հեռանկար չեմ տեսնում, Ադրբեջանը փորձում է այդ ամենը լուծել այլ ճանապարհով, լուծել այնպես, ինչպես դա արվում է այսօր՝ սողացող ագրեսիայի միջոցով»:

Թե որը պետք է լինի հայկական կողմի դիրքորոշումը՝ հարցին ի պատասխան քաղաքագետը նշեց. «Մենք պետք է փորձենք կառուցել հարաբերություններ Եվրամիության, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի հետ, այլընտրանք չկա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ