Ինչ է ուզում Բաքուն Երևանից, կամ ինչ են ուզում՝ Ռուսաստանն ու Արևմուտքը միասին

Արդեն երկրորդ օրը Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանի հետ կապող միակ մայրուղին։ «Քաղաքացիական» ու «բնապահպանական» ակտիվիստների քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հերթական սադրանքն են իրականացնում Արցախում։ Բաքուն փորձում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել շրջափակված 120,000 բնակչությանը։ Արցախում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել։ Գրեթե նույնատիպ սադրանք Ադրբեջանն իրականացրել էր նաև այս տարվա գարնան սկզբին, երբ անջատել էր Արցախը սնուցող գլխավոր գազատարը։ Այն ժամանակ Բաքուն այդ քայլով ստիպեց Ստեփանակերտին գնալ զիջումների և Արցախից խլեց Փառուխի ռազմավարական բարձունքները։

Ի՞նչ է ուզում կամ Ադրբեջանն այս անգամ։ Ադրբեջան փորձում է վերջնականապես Լաչինի միջանցքն իր վերահսկողության տակ վերցնել և քայլ առ քայլ հայաթափել Արցախը, կամ չի բացառվում, որ Ալիևի այս քայլն ուղղված է Հայաստանի դեմ և նպատակ ունի ճնշելով Արցախին Հայաստանից ստանալ այսպես ասած Զանգեզուրի միջանցքը։ Կամ հաղթանակից կուրացած Ալիևը փորձում է այս երկու տարբերակն էլ կյանքի կոչել միաժամանակ։

Այս պահին գլխավոր հարցերից է նաև, թե արդյո՞ք Ադրբեջանը գործում է միայնակ, թե՞ Ալիևին դրդում են։ Իսկ դրդողների պակաս տարածաշրջանում չկա։ Ի դեպ Ալիևին ոգևորողների ցանկում կարող ենք ընդգրկել բոլոր խաղացողներին՝ Ռուսաստանին, Արևմուտքին, Թուրքիային։ Այս երեք խաղացողներն էլ իրենց շահերն ունեն տարածաշրջանում և հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը բավական բարդ է գուշակելը, թե այս պահին նշված խաղացողներից որի շահերն են համընկնում Բաքվի հետ։

Ի դեպ, դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ:

Լաչինի միջանցքի փակման փաստին առայժմ բավական մեղմ է արձագանքում Մոսկվան։ Լուռ է նաև արևմուտքը։

Հայաստանը գլոբալ առումով կրկին հայտնվել է բավական բարդ շրջապտույտի մեջ, որից դուրս գալու համար թերևս պետք է սառը դատողություն և դիվանագիտական մեծ ջանքեր, առանց ռազմահայրենիսարական պաթոսով և կարևորը՝ ներիքն կայունություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ