Հանրությանը ցնցած Պեմզաշենի դեպքը և դրանից բխող կարևոր հարցադրումները

Քննչական կոմիտեի նոյեմբերի 17-ի մամուլի հաղորդագրության համաձայն Պեմզաշենում նոյեմբերի 9-ին ընտանիքի մոր և նրա երկու երեխաների սպանության դեպքով կալանավորվել է 32-ամյա տղամարդ։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ անձը տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ։

Արդյո՞ք հոգեկան առողջության կենտրոններում հաշվառված և հանրության մեջ գտնվող անձանց հանդեպ չպետք է լինի վերահսկողություն պատկան մարմինների կողմից։ Փորձել ենք հասկանալ նման ցավալի դեպքերն էլ աչքի առաջ ունենալով արդյոք իսկապես անհրաժեշտություն կա նման վերահսկողության և ո՞ր մարմինները պետք է լինեն այս գործառույթի անմիջական պատասխանատուները։ Հարցի պատասխանը որոնելիս լսել ենք մասնագիտական տարբեր կարծիքներ և դիտարկումներ։

Իրինա Ծատուրյան

Zarkerak.am-ի հետ զրույցում հոգեբան Իրինա Ծատուրյանը կարծում է, որ հոգեկան առողջության կենտրոններում հաշվառված և հանրության մեջ գտնվող անձանց վերահսկողությունը թե՛ հասարակության, թե՛ համապատասխան պետական մարմինների համագործակցությամբ պետք է լինի․ «Սա անհրաժեշտ է, որպեսզի համատեղ ուժերով վեր հանենք խնդիրները»։

Տիկին Ծատուրյանը, սակայն, նկատում է՝ օրենքում կան բացեր, որոնք մտածելու տեղիք են տալիս․« Տեղյակ չեմ, թե մենք ինչ օրենքներ ունենք, բայց եթե նմանատիպ օրենքներ չունենք էլ՝ թող նման դեպքերը մեզ համար դաս դառնան, որ հասկանանք օրենսդրական դաշտում ինչ բացթողումներ ունենք, կարելի է չէ՞ օրենքներ ընդունել»։

Հոգեբանը կարծում է՝ հասարակության մեջ գտնվող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերահսկողության հարցը հիմա առավել քան տեղին է քննարկել օրենսդիր մարմնում․ «Նույն հարցազրույցը պետք է վերցնել պատգամավորներց, թե ինչպես են արձագանքում նման իրավիճակներին, որ չկրկնվեն նման դեպքերը»,- Ծատուրյանը նշում է նաև, որ պետք է հետևողական լինել ու չթողնել, որ հարցն օրերի ընթացքում մոռացվի ու օրակարգից դուրս գա։ Նա առաջարկում է խնդրին նայել քաղաքացիների դիտանկյունից, որն անապահովության զգացում կարող է ունենալ, երբ իր կողքին ապրում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ, որի վերահսկողությամբ ոչ ոք չի զբաղվում։

Հոգեբանական խնդիրներ ունեցող անձանց վերահսկողության խնդիրը հոգեբանը որակում է որպես «երեքգլխանի դև», քանի որ այս անձանց վտանգավոր արարքները քննարկելիս հանրության մոտ առաջացած հարցերն ունեն հասցեատերեր, բայց ոչ պատասխանատուներ․ «Ո՞վ է մեղավոր, պոլիկինիկայի բժի՞շկն է մեղավոր, որ գիտի իր տարածքում հոգեկան հիվանդ կա, ոստիկանության աշխատողնե՞րն են մեղավոր, թե՞ տեղական ինքնակառավարման մարմինները։ Ստացվում է՝ ոչ ոք օրենքով պատասխանատվություն չունի, մենք օրենքով անգամ չգիտենք, թե նման դեպքերում ու՞մ հարցեր տանք, բա հիմա մենք օրենքով չամրագրե՞նք, որ պատասխանատուներ լինեն»,- տիկին Ծատուրյանն առաջարկում է հոգեկան առողջության խնդիր ունեցողների հանդեպ պետական մարմինների անտարբերությունը կարգավորել օրենքով և հետևողական լինել այս հարցում, որ այլևս հնարավոր չլինի խուսափել պատասխանատվությունից։

Արշակ Գասպարյան

Ի՞նչ անել, երբ հոգեբուժարանում որոշ ժամանակ անցկացրած մարդիկ հայտնվում են հասարակության մեջ, այդ թվում չբուժված։ «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանի դիտարկմամբ՝ կան հիվանդությունների մի շարք տեսակներ, այդ թվում՝ էպիլեպսիան, շիզոֆրենիան, որ արդեն նույնիսկ շատ գրականություններում և հիվանդությունների միջազգային դասակարգիչներում դիտարկվում են որպես ոչ միայն և ոչ այնքան հիվանդություն, քան անձնային առանձնահատկություն։ Եվ շատ դեպքերում կան հիվանդություններ, որոնք ունեն, այսպես ասած, լավացման շրջան։ Բայց ի՞նչ անել, որ հասարակությունը լինի անվտանգ, սա բոլոր պետական մարմինների կարևորագույն առաքելություններից մեկն է։ Մասնագետը բացատրում է, որ անձի նկատմամբ հսկողության կարգավորում գոյությունի չունի ՝ քանի դեռ չկա դատական ակտ, դատարանի կողմից որոշում։

«Մենք պիտի գնանք նրան, որ մարդը, որ հոգեկան առողջության կենտրոններում ստացել է բուժման որևէ տեսակ՝ ամբուլատոր կամ ստացիոնար, եթե գտնվում է հասարակության մեջ, ապա իր առողջության վերաբերյալ փաստաթղթերի տակ լինի հոգեբույժի գնահատական կամ եզրակացություն այն մասին, որ նրա ՝ կլինիկայում անընդմեջ գտնվելու անհրաժեշտութունը չկա։ Այստեղ մենք ունենք տարբեր մակարդակի խնդիրներ»,- Գասպարյանի խոսքով՝ ակնառու խնդիրներից մեկը կապվում է հոգեբուժական ախտորոշումներ դնելու համակարգի հետ, թե հիվանդության մասին ինչ տեղեկություն կա՝ այս ախտանիշի ներքո և արդյո՞ք հիվանդությունն ինքնին առկա է հիվանդությունների միջազգային դասակարգչում։

«Կա մի շատ կարևոր սկզբունք՝ չվնասելու սկզբունքը։ Ընդհանրապես, առողջապահության ոլորտում, երբ մարդը գտնվում է հասարակությունում, իրեն չպիտի պիտակավորեն կամ թիրախավորեն՝ ասեն դու գիժ ես կամ հոգեկան հիվանդ ես»,- նշում է Գասպարյանը և հավելում, բայց որոշ դեպքերում պետք է հաշվի առնել համայնքի անվտանգությունը և միջգերատեսչական որոշակի համատեղ գործողություններ իրականացնել՝ կրկին չվնասելու սկզբունքով․ «Համայնքի անվտանգությունը մեկ կամ երկու մարմին չէ, բոլոր մարմիններն իրար հետ պետք է պահպանեն։ Եթե, օրինակ, հոգեկան հիվանդությունն այնպիսին է, որ կարող է այլոց վտանգ սպառնալ, դրա տակ պետք է շատ հստակ եզրակացություն լինի այն մասին, որ այս մարդուն թողնում ենք դուրս, միայն հսկողության պայմանով»,- նշում է Արշակ Գասպարյանը։

Իսկ ո՞վ պիտի ստանձնի այս վերահսկողությունը․ «Մի կողմից առողջապահական մարմինները պիտի պարբերաբար այցելեն այս մարդու տուն և տեսնեն՝ արդյոք սրվում է իրավիճակը, թե ոչ և երկրորդ՝ վատթարագույն դեպքում պիտի իրավապահ մարմինները ևս այստեղ լինեն աջակից և օգնականը, որպեսզի համայնքը լինի անվտանգ։ Բայց միջգերատեսչական այս աշխատանքի վերաբերյալ կարգավորումներ ուղղակի չկան, ինձ գոնե հայտնի չէ»,-Գասպարյանի խոսքով, այժմ ոստիկանությունն արձագանքում է, երբ ահազանգեր են լինում։

Գասպարյանն այստեղ տեսնում է նաև սոցիալական ծառայության ներգրավվածության խնդիրը, որ պետք է աշխատի, թե՛ անձի, թե՛ նրա ընտանիքի անդամների հետ «որովհետև հոգեկան առողջության խնդիրների տեսակներ կան, որի դեպքում տառապում է ոչ միայն անձը, այլ իր ընտանիքը և հասարակությունը»։

Այն, ինչ առաջարկում է Գասպարյանը, ըստ նրա՝ այժմ թղթի վրա էլ չկա, իսկ դրանք մշակվելու դեպքում պետք է զգույշ աշխատել․ «Իրավական ակտերը պիտի մշակվեն այնքան զգուշորեն, որ չխաթարեն մարդու իրավունքի պաշտպանությունը, իսկ բոլորս իրավունք ունենք մեր հիվանդության մասին ոչ ոքի չհայտնել։ Եվ շեմը պետք է շատ հստակ լինի, թե արդյոք այդ մարդը կարող է իսկապես մարդկանց սպառնալ և որ նրա վերահսկողությանը պե՞տք է ներգրավված լինեն բժիշկները, իրավապահները, սոցիալական ծառայողները»։

Մուշեղ Հովսեփյան

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի հետ քննարկում ենք, արդյո՞ք պետության կողմից այս հարցում որոշ մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա․ «Եթե դիտարկում ենք այլ երկրների վիճակագրությունը՝ մարդուն ֆիզիկապես մոտ գտնվող համայնքային նման ծառայությունների առկայությունը կտրուկ նվազեցնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կողմից իրականացվող հանցագործություններից թիվը։ Եվ սա էլ ցույց է տալիս, նաև որ այն շատ համակարգային խնդիր է»,- Հովսեփյանի խոսքով՝ համայնքներում հոգեկան առողջության ծառայությունների պատշաճ մատուցման բացակայության պարագայում, նաև խնդիր է առաջանում տվյալ համայնքում հանրության մեջ այս մարդկանց հսկողության հետ կապված։

«Այստեղ միայն հոգեկան առողջության ծառայությունները չեն, որ կարող են փոփոխություն բերել, այստեղ նաև սոցիալական աշխատանքի կարևորությունը կա։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի ընտանիքները նրանք են, որոնք որոշակի առումով կարող էին հայտնվել սոցիալական աշխատողի ուշադրության ներքո, բայց նման գործընթաց այժմ փաստացի չկա»,- Ըստ Մուշեղ Հովսեփյանի՝ պետության այս գործառույթը երբեմն ստանձնում են հասարակական կազմակերպությունները, որոնք անհամեմատ ավելի փոքր հնարավորություններ ու ռեսուրսներ ունեն։

Մուշեղ Հովսեփյանը կարծում է՝ իր նշած այս հնարավոր լուծումներն այժմ առողջապահական համակարգի համար օրակարգային խնդիրներ չեն․ «Հայաստանում խոցելի խմբերին վերաբերող հարցերն ամենևին էլ օրակարգում չեն, փորձը ցույց է տալիս, որ դրանք հայտնվում են, երբ ինչ-որ արտակարգ դեպք է տեղի ունենում, այնպես էլ չէ, որ դա անգամ հիշելու դեպքում հաջորդում են գործողություններ։ Հիմա էլ կտեսնեք, որ այս հարցն էլ մի քանի օր կքննարկենք, և դրա մասին հետո ոչ ոք չի հիշի»։

Դիտարկելով հանրության վարքը տարբեր իրավիճակներում՝ հոգեբան Իրինա Ծատուրյանը նկատում է վառ արտահայտված անտարբերություն․ «Մենք հիմա չունենք սուր ռեակցիա ասվածը, հիմա կարծես բոլորովին ուրիշ հարցեր ունենք»,- հակառակ դեպքում ըստ նրա՝ հանրության արձագանքն էլ շատ հարցերում ավելի կտրուկ կլիներ, և ժամանակի հետ քննարկված շատ դեպքեր արագորեն չէին մոռացվի։

«Էմոցիոնալ «բթության» պահ է գալիս, երբ մարդու աչքին այլևս ոչ մի բան չի երևում»,- Իրինա Ծատուրյանի խոսքով՝ հիմա մեր հանրությունը հենց այդ փուլում է, երբ վատ ինֆորմացիոն հոսքերի չափաբաժինն այնքան մեծ է, որ կորչում է նաև ապահովության զգացումը և այլոց մասին մտածելու ցանկությունն էլ սկսվում է վերանալ, հակառակ դեպքում հանրությունն էլ իր հերթին վերահսկողը կլիներ՝ անհրաժեշտ պահին ահազանգող դառնալով․ «Ապրումակցումը, բարությունը ժամանակակից հոգեբանության այս բոլոր հասկացությունները «լավ» ժամանակների համար են։ Ներկա պայմաններում ի՞նչ էմպատիայի մասին պիտի խոսքը լինի»,- արձանագրում է հոգեբան Իրինա Ծատուրյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ