«Ֆրանսիայի Սենատի որոշումը ուղերձ է միջազգային իրավակարգի դեմ ոտնձգող ագրեսոր պետություններին». Բաբաջանյան

«Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը 296 «կողմ» և մեկ «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունված հայանպաստ բանաձևով Ֆրանսիան կատարեց կարևորագույն դիվանագիտական և քաղաքական քայլ, որն ունակ է ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը՝ ենթարկվելով հաղթողի «իրավունքը» բանեցնող Ադրբեջանի և իր դաշնակիցների մեծածավալ ճնշումներին»:

Այս մասին հայտարարություն է տարածել «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհուրդը, այն իր էջում հրապարակել կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը

«Խիստ էական է, որ Ֆրանսիայի հարաճուն աջակցությունը Հայաստանին ձեռք է բերում ինստիտուցիոնալ բնույթ և ձևակերպվում է որպես պետական քաղաքականության դրույթ՝ ամրագրված օրենսդիր մարմնի վերին պալատի քաղաքական փաստաթղթում:

Սա վկայում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացման մեծ ներուժի մասին, որի կենսագործումը կարող է լրջորեն փոխել ուժերի հարաբերակցությունն Անդրկովկասում և խթանել Հայաստանի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորումը:

Ուշագրավ է, որ Սենատում բանաձևի քննարկմանը պատվո հյուրի կարգավիճակում ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը:

Սա ազդու խորհրդանշական քայլ է, որը բանաձևում Արցախին նվիրված հիմնարար դրույթների հետ մեկտեղ ուղղված է Արցախի շուրջ անվտանգային սպառնալիքների լիցքաթափմանը և Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման ուղղությամբ Ֆրանսիայի հանձնառության ձևակերպմանը:

Պակաս կարևոր չէ, որ ներկայիս փոթորկուն միջազգային իրավիճակում, երբ վերատեսության է ենթարկվում գլոբալ անվտանգության համակարգը, Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, ցույց է տալիս իր հավատարմությունը համապարտադիր կանոնների վրա հիմնված աշխարհակարգին, որտեղ հավասարապես ապահովված են ինչպես մեծ ու ազդեցիկ, այնպես էլ փոքր և սահմանափակ ռեսուրսներով պետությունների ու ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները: Սա ուղերձ է միջազգային իրավակարգի դեմ ոտնձգող ագրեսոր պետություններին, որ վերադարձ ուժի իրավունքին չի լինելու, և մարդկությունը դիմագրավելու է արյունարբու բռնապետների հարուցած մարտահրավերին:

Հանուն Հանրապետության կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին Հայաստանի ու Արցախի սատարման այս աննախադեպ քաղաքական ակտի համար, որը, լիահույս ենք, ունենալու է համարժեք զարգացում և դառնալու է Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության անկյունաքարային երաշխիքներից մեկը»,-նշվում է հայտարարության մեջ: :

Հիշեցնենք՝ երեկ 295 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունել է բանաձև, որով պահանջում է ադրբեջանական զինուժն անհապաղ դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ