«Յանդեքսի» սակագինը չի նվազում, պատգամավորը սպասում է ՄՊՀ-ի ուսումնասիրությանը, ընկերությունն էլ հարցերին չի պատասխանում

«Յանդեքս» տաքսի ընկերությունն ամիսներ առաջ զգալի բարձրացրեց ծառայության նվազագույն սակագինը՝ մինչ օրս պահպանելով այն: Եթե սկզբնական շրջանում դա արվում էր հատկապես տեղումնաշատ կամ մասշտաբային միջոցառումների օրերին, եւ մարդիկ կարծում էին, որ ժամանակավոր է, ապա վերջին մի քանի ամիսներին նվազագույն սակագնի բարձրացումը հիմնական բնույթ է կրում:

«Հայկական ժամանակը» բազմաթիվ բողոքներ է ստանում քաղաքացիներից, նրանք նշում են, որ մեր երկրում, հատկապես՝ մայրաքաղաք Երեւանում, ամենաշատն օգտվում են «Յանդեքսի» ծառայություններից, սակայն ընկերությունը, օգտվելով առիթից, չարաշահում է իրենց համբերությունը: Քաղաքացիների խոսքով՝ յուրաքանչյուր օր, հատկապես՝ առավոտյան եւ երեկոյան ժամերին (աշխատանքի, դասերի գնալու եւ վերադառնալու ժամերին) մշտապես բարձր է նվազագույն սակագինը. նախկին 500-600 դրամի փոխարեն այն դարձել է 1000-1200 դրամ:

Հատկանշական է, որ խնդրի մասին խոսում են նաեւ հենց «Յանդեքսի» վարորդները: Բանն այն է, որ ընկերությունը վարորդների համար եւս բարձրացրել է միջնորդավճարի արժեքը: Որոշ ժամանակ առաջ վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել եւ հայտարարել, որ պատրաստվում են «կաթվածահար անել» տվյալ սպասարկման ոլորտը: Սակայն կարճատեւ բողոքը մարեց, իսկ խնդիրը չլուծվեց: Այսօր էլ նրանք ասում են՝ ընկերությունն իրենց հետ անարդար է վարվում. «Մի որոշակի ժամանակահատված բարձրացնելով սակագինը՝ իբր մոտիվացնում էին մեզ, ապա միջնորդավճարը որոշեցին թանկացնել, ստացվում է՝ օգտվողի համար՝ թանկ փոխադրամիջոց, վարորդի համար՝ էժան աշխատանք»:

Առցանց տաքսիների գնային քաղաքականության խնդրին որոշ ժամանակ առաջ անդրադարձել էր նաեւ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Վերջինս նշել էր, որ պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով (ՄՊՀ), առաջարկել իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ օնլայն տաքսիների ոլորտում տեղի ունեցող գործընթացների եւ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով:

Ալխաս Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ՄՊՀ-ից ի՞նչ պատասխան են տրամադրել պատգամավորին եւ ե՞րբ է հնարավոր խնդրի կարգավորման համար իրականացվող հստակ քայլեր ակնկալել: Ղազարյանը մեզ հայտնեց՝ իրեն տեղեկացրել են, որ հնչեցրած հարցերը դեռ ուսումնասիրությունների փուլում են, եւ գործընթացն առնվազն 1 ամիս կտեւի: «Ինձ ասացին, որ իրենք էլ դիմել են Նիդերլանդներ եւ սպասում են այնտեղից պատասխանի: Ուստի այս պահին առանձնապես մեծ ասելիք չունեմ, սակայն տվյալները լինելու դեպքում այդ ուղղությամբ գործընթացներ եմ նախատեսում»,- ասաց պատգամավորը:

Ըստ Ալխաս Ղազարյանի՝ Հայաստանում նվազագույն աշխատավարձով ապրող բնակիչների համար միայն փոխադրամիջոցին այդքան գումար հատկացնելը բավականին զգալի վնաս է: Քանի որ կա մետրոյի ու տրանսպորտի խնդիր, շատ դեպքերում մեր բնակիչներին պարզապես այլընտրանք չեն չի մնում: «Ի դեպ, ես ինքս էլ մեքենա չունեմ եւ հիմնականում օգտվում եմ տաքսիներից: Ինձ համար էլ է թանկ»,- նկատեց նա:

Ղազարյանը նշեց, որ բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են դիմել իրեն, խնդրել, որ հարցին հետամուտ լինի: «Ցավոք, ես այդ մարդկանց առայժմ որեւէ պատասխան չունեմ տալու, բայց պետք է հետամուտ լինեմ խնդրի կարգավորմանը: Դիմողները հատկապես Երեւանի բնակիչներն են»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը:

«Հայկական ժամանակը» խնդրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Արթուր Մարտիկյանից: Վերջինս հորդորեց բոլոր հարցերը գրավոր տարբերակով ուղղել: Պաշտոնական գրավոր հարցմանը պատասխանելու համար մեզ խոստացված ժամկետը սպառելուց հետո ընկերությունից փոխանցեցին անգլերենով գրված փոքրիկ գրություն, որով ներողություն են խնդրել եւ հայտնել, որ ժամանակ չունեն մեր հարցերին պատասխանելու:

Նկատենք՝ «Հայոց լեզվի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ Հայաստանում գործող ընկերությունները հայերեն լեզվով գրված պաշտոնական հարցմանը պարտավոր են պատասխանել հայերեն:

Այն կարգավորվում է Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ (Հաստատությունների լեզվական իրավունքները եւ պարտականություններ) հոդվածով, որը ենթադրում է՝ ՀՀ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները պարտավոր են գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները:

Այսպիսով՝ ստացվում է, որ «Յանդեքս» տաքսի ընկերության համար, որը ծառայություն է մատուցում հանրության լայն զանգվածին, միևնույն է, թե ինչ դժգոհություններ կան քաղաքացիների շրջանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ