Իմ 70 տարիների ընթացքում չեմ տեսել մի ուժ, որ այդքան աշխատանքներ իրականացրած լինի, որքան «Քաղաքացիական պայմանագիրը». Սիսիանում սեպտեմբերի 7-ին մեկնարկեց ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը

Սեպտեմբերի 25-ին հանրապետության 18 համայնքում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այդ օրը ընտրություններ կանցկացվեն նաև Սիսիան խոշորացված համայնքում։

Պաշտոնական քարոզարշավն արդեն մեկնարկել է։ «Քաղաքացիական պայմանագիրը» Սիսիանի քարոզարշավի մեկնարկը տվեց երեկ։ Կուսակցության գրասենյակից ՔՊ թեկնածուներն ու իրենց համակիրները քայլերթով շարժվեցին դեպի Համո Սահյանի անվան մշակույթի տուն, որի դահլիճում էլ տեղի ունեցավ ՔՊ թեկնածուների հանդիպումը քաղաքացիների հետ։

Սիսիանում ՔՊ ավագանու ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, որը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Թեկնածուներից Նարա Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ցուցակը ընտրվել է առանձնակի պատասխանատվությամբ։ Ցուցակում ընդգրկված են բուժաշխատողներ, գործարարներ, մանկավարժներ, հեղինակություն վայելող մարդիկ՝ տարբեր բնագավառներից։ Նարա Հովհաննիսյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք իրականացվել են Հակոբջանյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում, ապա ներկայացրեց այն աշխատանքները, որոնք պլանավորել են իրականացնել առաջիկայում։

Այնուհետև ելույթներով հանդես եկան ավագանու անդամի թեկնածուները։ Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանը, որը համամասնական ցուցակի երրորդ համարն է, ասաց, որ ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում, որովհետև այս ուժը ունակ է հարցեր լուծել և հիշեցրեց, որ 2018 թվականին կառավարության որոշմամբ Սիսիանի բժշկական կենտրոնի որոշ բաժանմունքներ միավորվելու էին Զանգեզուրի կայազորային հոսպիտալի հետ, իսկ հիվանդանոցը դառնալու էր անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ դրանով Սիսիանին զրկելով ԲԿ ունենալու հնարավորությունից։ Այժմ Սիսիանում նոր բժշկական կենտրոն է կառուցվում, շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի, և ևս 2 տարի անց Սիսիանը կունենա նորակառույց բժշկական կենտրոն։

Սիսիանի ավագ դպրոցի ուսուցչուհի Բելլա Թամրազովան էլ, որը ևս ընդգրկված է ՔՊ ցուցակում, իր ելույթում կարևորեց յուրաքանչյուր քաղաքացու գիտակից վերաբերմունքն ու պետական մտածողություն ունենալը, նաև նկատեց, որ կառավարությունը խթանում է ուսուցչի ինքնակրթության հակվելը, գյուղերում ապրելու և կրթօջախները հաստատուն հիմքերի վրա դնելու հնարավորությունը, բարեկեցության նվազագույն խնդիրները լուծելու ձգտումը։

Անգեղակոթի միջնակարգ դպրոցի տնօրեն Ամիկ Պետրոսյանն էլ ասաց, որ ընդգրկվել է ՔՊ ցուցակում, որովհետև հավատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, գործող կառավարող ուժին։

Համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Գարիկ Հակոբյանն էլ ներկայացրեց, թե պատերազմից հետո, որին ինքը ևս մասնակից է եղել առաջին իսկ օրից, ինչ պայմաններում է ստանձնել պաշտոնավարումը։

Հաջորդիվ ելույթով հանդես եկավ ՔՊ համամասնական ցուցակը գլխավորող, Սիսիանի համայնքապետի ՔՊ թեկնածու Արմեն Հակոբջանյանը։ Հակոբջանյանը ևս անդրադարձավ համայնքապետարանում՝ իր պաշտոնավարման սկզբում եղած անառողջ մթնոլորտին՝ նշելով, որ աշխատակազմն ունենալով ընդդիմադիր կողմնորոշում ամեն կերպ խոչընդոտել է իրենց աշխատանքին, փորձել տապալել յուրաքանչյուր նախաձեռնություն, կաթվածահար անել համայնքային ծառայության ողջ գործընթացը։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց նաև, որ սկսածը կիսատ չթողնելու սկսզբունքով շարունակելու է այն աշխատանքները, որոնք արդեն իսկ սկսել են։

Ելույթ ունեցան նաև ներկա պատգամավորները։ Սիսակ Գաբրիելյանը կատակեց, որ ներկաների թիվը տեսնելով այլևս կարիք էլ չկա քարոզարշավ անել, չէր կարծում, որ քարոզարշավի միակ խնդիրը կլինի այն, թե ինչպես դահլիճում տեղավորել քաղաքացիներին։ Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով ատեստավորման գործընթացին նշեց, որ այսօր ուսուցիչները ռեալ հնարավորություն ունեն մինչև 450 հազար դրամ աշխատավարձ ստանալ, նկատեց նաև, որ այս գործընթացում էլ կարող են խնդիրներ լինել, բայց իրենք, իրենց թիմը անսխալական չեն, իրենք ևս սխալվում են, բայց բաց են սխալներն ընդունելու առումով։ Գաբրիելյանը նաև նկատեց, որ Սիսիանը ևս, ինչպես Երևանը և Գյումրին, ունի մեծ պոտենցիալ՝ զարգանալու, մշակութային մեծ միջոցառումներ անցկացնելու համար։

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հիշեց իր առաջին շփումը սիսիանցիների հետ՝ ծառայության ընթացքում՝ հոսպիտալում, թե ինչպիսի ջերմ վերաբերմունքի է արժանացել սիսիանցիների կողմից, ապա անդրադարձավ քաղաքական թեմաներին՝ չմոռացավ նաև մրցակիցներին, ի մասնավորի Ռուբեն Վարդանյանի հետ ասոցացվող «Ապրելու երկիր» կուսակցությանը։

Ալեքսանյանն ապա նկատեց, որ եկել է ժամանակը, որպեսզի Սիսիանը ևս զարգանա․ «Սիսիանը պետք է ունենա ժամանակակից մանկապարտեզներ, խաղահրապարակներ, բարեկարգ, լուսավոր փողոցներ, դպրոցներ»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը անդրադարձավ մրցակիցների կողմից իրենց հասցեին տարածվող տարատեսակ կեղծ լուրերին, նշելով, որ հորդորել է չմտնել այդ դաշտ, ուշադրություն չդարձնել դրանց։ Համբարձումյանը շեշտեց նաև, որ տարբերություն չկա ով որտեղից է՝ Բռնակոթից , Անգեղակոթից, Գորայքից, թե Սիսիանից, կա ընդհանուր մեկ Սիսիան համայնք։

Ապա ներկա քաղաքացիներից մեկը ցանկություն հայտնեց մոտենալ և ամբիոնից ասել, թե ինչու է աջակցում «Քաղաքացիական պայմանագրին»․ «Երազում էինք, որ խաչմերուկից մինչև մեր գյուղն ասֆալտապատվեր, իսկ հիմա ոչ միայն մինչև մեր գյուղը, այլև մինչև Շաղատ գյուղն է ասֆալտապատվել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ