«Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու շանս չունի ո՛չ փողոցային պայքարի, ո՛չ էլ իմպիչմենտի միջոցով». քաղաքագետ

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ շարունակելու է բոյկոտել ԱԺ նիստերը, չի մասնակցելու դրանց՝ միևնույն ժամանակ չդադարեցնելով փողոցային պայքարը:

Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսելու, սակայն բացառապես այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ ընդդիմությունը ոչ մի շանս չունի Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելու ո՛չ փողոցային պայքարի, ո՛չ էլ իմպիչմենտի միջոցով:

«Վարչապետին անվստահություն հայտնելու համար ընդդիմությունը պետք է կարողանա պատգամավորների 1/3-րդ ձայները հավաքել: Դա, բնականաբար, չի հաջողվելու: Ինչից հետո 6 ամիս այդ հարցը այլևս չեն կարողանալու բարձրացնել: Իրենք գիտեն, որ չեն կարողանալու և այսքանն իմանալով, եթե իմպիչմենտ հայտնեն, ապա ուղղակի ցանկանում են հարցը փակել»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Ըստ նրա՝ իշխանությունն էլ այս գործընթացում իր անելիքներն ունի, այն է՝ ԱԺ-ից բացակայող ընդդիմադիրների՝ մանդատներից զրկելու գործընթաց սկսելը:

«Օրենսդիրը նախատեսել է, որ խորհրդարանում պետք է լինի ընդդիմություն: Իսկ հիմա մեր ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ աշխատանքներին, ստացվում է՝ չունենք ընդդիմություն: Թող մանդատներից զրկելու գործընթաց սկսեն, միգուցե նրանց հաջորդները գան ու աշխատեն: Եթե նրանք էլ չեն գա խորհրդարան, ապա կարելի է Սահմանադրության մեջ փոփոխություն անել, և հաջորդ ընդդիմադիր խմբակցությունները լինեն մյուս քաղաքական ուժերը, որոնք հավաքել են բարձր ձայներ: Պետք է այնպես անել, որ մանդատ ստացող ուժերը գան խորհրդարան ու աշխատեն, ոչ թե ժողովրդից մանդատ ստանան, հետո իրենց հայեցողությամբ որոշեն՝ գալիս են աշխատանքի, թե ոչ: Հիմա փաստացի խորհրդարանական ընդդիմությունը չի սպասարկում իրեն քվե տված քաղաքացիների շահերը: Սպասարկում է միայն այն 1000 հոգու շահը, որոնք գնում են իրենց հանրահավաքներին»,- նկատում է Անտինյանը:

Անդրադառնալով ընդդիմության այն համոզմանը, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կարող են հասնել բացառապես համաժողովրդական լայն ընդվզման շնորհիվ՝ քաղաքագետը վստահեցնում է՝ նման ընդվզում տեղի չի ունենալու, քանի իրենք են (նախկին իշխանության ներկայացուցիչները -խմբ.) ղեկավարում ընդդիմադիր շարժումը:

Անտինյանի խոսքով՝ այս արտահայտությամբ հենց ընդդիմությունն է խոստովանում, որ 2018-ին եղել է համաժողովրդական ընդվզում, որի ճնշման ներքո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. «Բա ինչո՞ւ էին ժամանակին ասում, թե դրսից ուժեր եկան, Նիկոլ Փաշինյանին օգնեցին, դրա համար էլ հեղափոխությունը հաջողվեց: Բա իրենք ինչո՞ւ չեն կարողանում կազմակերպել, որովհետև լավ հասկանում են՝ ընտրություններ են եղել անցած տարի, հաջորդը լինելու է 4 տարի անց: Եթե աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ չլինեն, ապա ընտրությունները հերթական են լինելու, ոչ թե արտահերթ: Ով ցանկանում է թող մասնակցի, լավ թիմ ու ծրագրեր ներկայացնի»:

Վերջինս նշում է՝ ընդդիմության ծրագիրը «երեկն է», իսկ ժողովուրդը այդ «երեկը» տեսել է ու լավ հիշում է. «Երբ իրենք իրենց երեկն են հիշեցնում, ժողովուրդն էլ նրանց արած վայրագություններն է հիշում: Դրա համար էլ հանրային աջակցություն չունեն»:

Հարցադրմանը՝ խորհրդարան վերադառնալով, քաղաքացիների համար նոր նախագծեր մշակելով՝ ձեռք չէի՞ն բերի հանրային վստահություն, քան փողոցային պայքարի միջոցով, Էդվարդ Անտինյանն ասում է՝ ընդդիմությունը բարձր նշաձող էր վերցրել, ասում էր՝ մինչև չհասնի իշխանությունների հրաժարականին, չի վերադառնա ԱԺ, հիմա ինչպե՞ս վերադառնա, ինչպե՞ս նախագծեր մշակի:

Այդքան խոսվող «թեժ աշնանն» էլ անդրադառնալով՝ քաղաքագետը վստահեցնում է՝ ոչ մի «թեժ աշուն» էլ չի լինելու, քանի որ այն ուժերը, որոնք պետք է ձևավորեին այլընտրանք, առայժմ չեն անում:

«Կան ուժեր, որոնք կարող էին իշխանության հետ մտնել պայքարի մեջ, գաղափարներ ու ծրագրեր ներկայացնեին, բայց դեռ չեն անում: Պետք է ունենանք աշխարհաքաղաքական այլընտրանք առաջարկող նոր ընդդիմություն: Իսկ հիմա հանրային վստահություն չունեցող նախկին թալանչիներն են հավաքվել, որոնք ասում են՝ ավելի սերտ հարաբերություններ պետք է ունենանք ՌԴ-ի հետ: Իսկ ավելի սերտ, քան հիմա է, ես չեմ տեսել»,- եզրափակում է զրուցակիցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ