Տաքսու յուրաքանչյուր օնլայն պատվերից 100 դրամ պետական տուրքի գանձումը առիթ կդառնա նոր թանկացմա՞ն, թե՞ կկանոնակարգի իրավիճակը

Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է թեթև մարդատար ավտոմեքենաներով էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով իրականացվող յուրաքանչյուր փոխադրման համար գանձել 100 դրամ պետական տուրք։

Ըստ նախագծի՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողները ուղևորին տրամադրելու են պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագիր։ Այս պահանջները չկատարելու դեպքում Կառավարությունը տաքսի ծառայությունների համար սահմանել է տուգանք՝ մինչև նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։

Նախագծի նպատակը, ըստ հեղինակների հիմնավորման, հետևյալն է․ «Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտի որևէ կարգավում առկա չէ։ Բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին։ Ստեղծվել է անհավասար մրցակցային պայմաններ ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Արդյունքում տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները»։

Civic.am-ի հետ զրույցում «Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանը կարծիք հայտնեց, որ ՏԿԵ-ի ներկայացրած այս նախագիծը բավականին անիրատեսական է, թյուր ու կասկածելի հիմնավորումներով։

«Խնդիրն այն է, որ այսպիսի նախագծի ի հայտ գալը նշանակում է՝ նույն ոլորտում գործող երկու սուբյեկտ հարկվելու են տարբեր կերպ ու տարբեր օրենքներով, որի արդյունքում ոչ միայն մրցակցային հավասարությունը չի պահպանվելու, այլև առցանց հարթակում պատվերով տաքսիներn ավելի շահեկան, գերիշխող դիրքում են հայտնվելու սովորական տաքսիների համեմատ։ Մինչդեռ տաքսիների մասին օրենք կա, որը համաձայնեցված է միջազգային պարտավորությունների հետ, որի համաձայն` տաքսիները լիցենզավորվելու համար պետք է համապատասխանեն անհրաժեշտ պահանջներին, պետք է լիցենզիայի տուրքեր վճարեն»,-նշեց նա։

Անվստահելիության պատճառներից մեկը, ըստ Սահակյանի, այն է, որ գրեթե անհնար և անիրատեսական է նախագծով նախատեսված վերահսկողությունը, ստվերի կրճատումն ու մրցակցային հավասարությունն ապահովել հեռախոսների միջոցով և հասնել արդյունքի։ «Սա այն դեպքն է, որ պետք է օգտագործվեն սարքեր, որոնք պետության կողմից են վերահսկվում, իսկ հեռախոսներն ու պլանշետները սովորական կենցաղային օգտագործման սարքեր են, որոնցով անհնար է ստուգել պատվերները»,- մտահոգություն ներկայացրեց փորձագետը։

Մասնագետի համոզմամբ՝ նախագիծն իրականում շատ ձեռնտու է օրենքից դուրս գործող տաքսի ծառայությունների համար, հնարավորություն է տալու կտրուկ թանկացնել սպասարկման գինը։ «Ընդհանրապես մեզ մոտ, երբ վաճառողի ոտքը տրորում ես 30 դրամի չափով, մի 30000 դրամի աղմուկ է բարձրացնում։ Ծանոթ լինելով առցանց տաքսի ընկերությունների գործունեությանը՝ հաստատ կարող եմ ասել՝ այս դեպքում էլ պատվերի համար 100 դրամ տուրք դնելը հանգեցնելու է եռապատիկ՝ մոտ 300 դրամով գնի բարձրացմանը։ Ինչո՞ւ, որովհետև ներկայում հազարավոր մեքենաներ՝ 50-60000 մեքենա, ստվերում են գործում և դառնալով հարկատու՝ հասարակ քաղաքացիների հաշվին են այդ գումարը վերադարձնելու։ Այսինքն՝ ստացվում է՝ օրենքը հարմարեցնում են առցանց տաքսի ծառայությունների շահերին և ոչ թե նրանց բերում են օրինական դաշտ»,- նշում է Սահակյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ այսպիսի նախագծերի, որոշումների շնորհիվ է, որ 2015 թվականից, երբ առցանց տաքսի ընկերությունները մտել են դաշտ, 7 տարի ինկուբատորի մեջ աճել-զարգանալով, հասել են նրան, որ մոտ 1100 գործող տաքսի ծառայություններ փակվել են, մնացել են միայն 3-4-ը, իսկ հիմա շուկայում ունեն բացարձակ մենաշնորհ։ «Ավելին ասեմ՝ ինձ հայտնի է, որ կոնկրետ ամենակոռումպացված «Յանդեքս» ընկերությունը ցանկանում էր գրավել նաև քաղաքային տրանսպորտը և ի պատիվ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ պետք է նշեմ, որ նա թույլ չտվեց, որ քաղաքային տրանսպորտը մասնավորեցվի»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ օրենքի նախագծի անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ նախ՝ մինչ այժմ օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը որևէ կերպ չի կանոնակարգվել, և ի տարբերություն դաշտում գործունեություն ծավալող լիցենզավորված այլ տաքսի ծառայությունների՝ դրանք երբևէ հարկային դաշտում չեն եղել, չեն վճարել հարկեր, տուրքեր։ Բացի այդ, ըստ խոսնակի, էլեկտրոնային հարթակով պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը չի կանոնակարգվում, քանի որ նրանց գործունեությունը սահմանված չէ որպես տնտեսական գործունեության տեսակ: «Մինչդեռ ներկայում հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցումը բավականին մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտի որևէ կարգավում առկա չէ, և արդյունքում նրանց գործունեությունը փաստացի դուրս է մնացել վերահսկողությունից։ Իսկ այս նախագծի վերջնական նպատակը, իհարկե, հավասար մրցակցային պայմանների ապահովումն է»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե այս նախագիծն իրականում հարմարեցված է առցանց տաքսի ծառայությունների շահերին, հակամրցակցային է և նպաստելու է այդ կազմակերպությունների՝ մենաշնորհային դիրք գրավելուն, խոսնակն ասաց․ «Անտրամաբանական է, ասել՝ նախագիծը բխում է օնլայն տաքսիների շահերից։ Ինչ վերաբերում է սակագների աճին, ապա նման մտահոգություն չկա, որովհետև օնլայն տաքսիները վերջին շրջանում առանց այդ էլ բավական բարձր սակագներ են սահմանել և ուղեվարձի լրացուցիչ բարձրացումով իրենք պարզապես կկորցնեն իրենց հաճախորդներին։ Վերջին շրջանում, օրինակ, օնլայն տաքսիները հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին գերթե 3 անգամ թանկացնում են ուղեվարձը նախկինի համեմատ, ինչը հանգեցրել է մեծ դժգոհության»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է վերահսկողության մեխանիզմների արդյունավետությանը, նա նշեց, որ ըստ վերահսկողության պահանջների՝ օնլայն տաքսի ծառայությունները պարտավոր են անհրաժշտ բոլոր տվյալների բազաները փոխանցել ՏԿԵ նախարարությանը։ «Ամեն դեպքում նախագիծը դրված է հանրային քննարկման, կլինեն առաջարկություններ, դիտողություններ, դրանք կքննարկվեն, բացառված չեն փոփոխությունները, նախագծի լրամշակումը»,- եզրափակեց խոսնակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ