Նախկին երկու պաշտոնյաներին դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ծանուցագրեր է ուղարկել․ Երկուսն էլ քրեական հետապնդման են ենթարկվում

ՀՀ դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման գործերով ծանուցագրեր է ուղարկել հերթական շահագրգիռ անձանց։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն են հրավիրվել ՀՀ քաղաքաշինության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության նախկին պետ Անուշավան Այվազյանը, նրան փոխկապակցված անձինք՝ կինը՝ Մարի Բադալյանը, ինչպես նաեւ մեկ այլ անձ՝ Սաթենիկ Բադալյանը։

Անուշավան Այվազյանի նկատմամբ, հիշեցնենք, քրեական հետապնդում է իրականացվում։ Նա մեկն է այն պաշտոնատար անձանցից, որոնց մասնակցությամբ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությւնում կոռուպցիոն հանցախումբ էր գործել։ 2020 թվականին հարուցվել էր քրեական գործ, այս գործով անցնում են նախարարության եւս մի քանի աշխատակիցներ։ Հանցավոր խմբի մեկ այլ մասնակցի՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի նախկին տեղակալ ամբաստանյալ Վարդան Գեւորգյանին նույնպես դատախազությունը ապօրինի ծագում ւնեցող գույքի բնագանման հարցով ծանուցագիր է ուղարկել, որի մասին civic.am-ը հայտնել է նախորդիվ։

Ա․ Այվազյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝2019թ․-ին, հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 2 հողամաս։ OYOTA SOLARA 2.4 տրանսպորտային միջոց, 19 մլն 40 հազար դրամ, 51,400 ԱՄՆ դոլար եւ 63,400 Եվրո դրամական միջոց։ Այվազյանի կինն էլ իր 2018 թ․ հայտարարագրում հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն, որը գնել է 13 մլն 494 հազար դրամով, մեկ անհատական բնակելի տուն էլ վաճառել է 6 մլն 747 հազար դրամով։ Որպես դրամական միջոց Մ․Բադալյանը հայտարարագրել է 51 մլն 427 հազար դրամ, 87,640 ԱՄՆ դոլար եւ 86,750 Եվրո։ Տիկինը որպես նվաիրատվության եղանակով ստացված գույք, դրամական միջոց հայտարարագրել է 13,494,730 դրամ, ստացված 25 մլն դրամ փոխառությունն ու 7 մլն 53 հազար դրամը։

Դատախազությունը մեկ այլ գործով էլ ծանուցագրեր է ուղարկվել ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ, «Ճամբարակի անտառտնտեսության» մասնաճյուղի նախկին տնօրեն Արամ Եգանյանին եւ նրան փոխկապակցված անձ Կամո Արամի Եգանյանին։ Արամ Եգանյանը, հիշեցնենք, 2017 թ․ ԱԺ ընտրություններում առաջադրվել էր ՀՀԿ-ի համամասնական ցուցակով։
Նշենք, որ Ա․ Եգանյանի նկատմամբ եւս քրեական հետապնդում է իրականացվում։ Նրան մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով կարգադրիչ լիազորություններ՝ նպատակադրվել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ից յուրացման և վատնման եղանակով միասնական դիտավորությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափի գույք: Դատարանը նրան ՔՕ մի քանի հոդվածներով մեղավոր է ճանաչել։ Նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով Եգանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 /հինգ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, նրան զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում նյութական պատասխանատու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից` 1 /մեկ/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով: Նախկին պաշտոնյայի նկատմամբ դատարանը վճռել է կիրառել 2018 թվականի նոյեմբերի 1-ի «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և նրան ազատել հիմնական՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց: Լրացուցիչ պատիժը թողնել կրելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ