Խրոնիկ ու դաժանաբար խաբվողին նորից են խաբում․Ինչու՞ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի տղաները չեն շփվում Արսեն Ջուլֆալակյանի հետ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, «Իմ Քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը քաղաքական նոր հանգրվան է գտել՝ այս անգամ տեղավորվելով Ռոբերտ Քոչարյանի թիմում և իր համար նոր ռազմահայրենասիրական իրողություններ է պարզել Արցախի հարցի մասին։

Ըստ այդմ, երեկ Ֆրանսիայի հրապարակի իր ելույթում Ջուլֆալակյանը Ռոբերտ Քոչարյանի կողքը կանգնած դիմելով հայրենակիցներին՝ բացահայտել է, որ«մեզ բոլորիս խաբել են․ խաբել են Արցախի հարցում, խաբել են տարածքային ամբողջականության պահպանման հարցում, թռիչքաձև տնտեսություն ապահովելու հարցում, առողջապահության և նույնիսկ իրենց այդքան սիրած ասֆալտի թեմայում»։

Եվ սա նա ասել է Արցախյան հաղթանակը 20 տարի մսխած Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողքը կանգնած։ «Խաբել են ինձ անձամբ, երբ խնդրում էին ինձ միանալ իրենց և մասնակցել հզոր և ուժեղ, մեր երազանքների Հայաստանի ստեղծմանը։ Իրականում հայրենասեր մարդիկ նրանց համար միայն գեղեցիկ փաթեթավորում էին, իսկ ներքուստ նրանք վարում էին իրենց ազգակործան քաղաքականությունը»,-տրտնջացել է Ջուլֆալակյանը։

Այսպիսով՝ մոտ 2 տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով պատգամավոր եղած Արսեն Ջուլֆալակյանը հանկարծ հասկացել է, որ իշխանությունն իրեն խաբել է։ Ավելի վաղ նրան հավանաբար խաբել էր Ծառուկյանը, որի թիմը լքեց՝ նոր իշխանությանը միանալու համար։ Ստացվում է՝ Ջուլֆալակյանին խաբել են Ծառուկանի թիմում, դաժանաբար խաբել են Փաշինյանի թիմում։

«Միացե՛ք։ Սա մեկ անձին իշխանության բերելու խնդիր չէ, քաղաքական ուժի խնդիր չէ»,-Ֆրանսիայի հրապարակում երեկ կոչ է արել փաստորեն հերթական անգամ խաբվելու պատրաստ Ջուլֆալակյանը։

Դատելով Ջուլֆալակյանի տարերային քաղաքական դիրքորոշումներից ու խաբվելու հակումներից՝ կարելի է վստահաբար պնդել, որ այս իշխանությունը նրան մի հարցում հաստատ «խաբել է»․ այն է, որ ինքն անքան խելք ունի, որ կարող է պատգամավոր, քաղաքական թիմի անդամ լինել ու մասնակցել երկրի կառավարմանը։ Ճիշտ է՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարում էր, որ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ, բայց Արսեն Ջուլֆալակյանի դեպքում անգամ քչի բացակայությունն է ակնհայտ։

Այժմ, փաստորեն, Քոչարյանն է Ջուլֆալակյանին խաբում ու խաբում է դաժանաբար, թե կարող է Արցախի փրկիչ լինել՝ կանգնելով 20 տարի Հայաստանն ու Արցախը կեղեքածների, Արցախյանը հաղթանակը մսխելով միլիադատեր դարձածների կողքին։ Միանալով այն մարդկանց՝ որոնք կրկին անգամ ուզում են Հայաստանում իշխանության գալ՝ Արցախի խնդիրը շահարկելով։

Ջուլֆալակյանի մարտնչող միտքը երեկվա ելույթով չի սահմանափակվել․ նախկին պատգամավորն ու նախկին մարզիկը նաև ֆեյսբուքյան հրապարակում է արել, որտեղ անդրադարձել է ՔՊ կուսակցության իր բառերով ասած «3-րդ էշելոնի» ներկայացուցիչներին, նշելով․ «վաղը «վերևները» թռնելու են (եթե հասցնեն), դուք ի՞նչ եք անելու։ Առաջ փորձում էի բացատրել, հասկացնել, որ առնվազն շատ խոցելի է իրենց գրածները, կարծում էի, չեն հասկանում ուղղակի… հիմա արդեն կարդում եմ, ժպտում, անցնում առաջ: Հասկանում եմ,որ գործ է, անում են…»։

Ջուլֆալակյանը, ակնհայտորեն, նոր թիմում տեղ է փնտրում, բայց հայտնի են վերջինիս «թիմային որակները»։ Առավել ևս, որ անփառունակ կերպով «թռել» է նաև ըմբշամարտի Հայաստանի հավաքականից։ Ընթերցողները հավանաբար կհիշեն 77 կգ քաշային կարգում Տոկիո-2020-ին մասնակցելու շուրջ բարձրացած աղմուկը, երբ որոշվեց, որ Օլիմպիադային մեկնելու է Կարապետ Չալյանը, իսկ Ջուլֆալակյանը հայտարարեց, որ նույնիսկ չի մարզվելու հավաքականի հետ, մտավախություն ունենալով, որ իրեն կա՛մ կթունավորեն, կա՛մ վնասվածք կպատճառեն։ Սպորտի ոլորտում բարձր դիրք զբաղեցրած, Ջուլֆալակյանին շատ լավ ճանաչող մեր աղբյուրը հետաքրքիր տեղեկություններ հայտնեց, թե ինչու՞ ըմբշամարտի Հայաստանի հավքականի ըմբիշները չեն շփվում Արսեն Ջուլֆալակյանի հետ։

«Ողջ աշխարհում ըմբիշները մի խասիաթ ունեն՝ իրենք իրար երբեք չեն նեղացնում։ Ջուլֆալակյան Արսենը աշխարհի միակ բառեցն է, ում հետ հավաքականից ոչ ոք չի շփվում՝ Արթուր Ալեքսանյանը, Ռաֆայել Ալեքսանյանը, Մաքսիմը, բոլորը։ Պատճառը Ջուլֆալակյանի ամբիցիոզ խասիաթն է։ Իր պատճառով հայրը՝ Լևոն Ջուլֆալակյանը, ում շատ եմ հարգում, անվանի բոլոր ըմբիշների հետ «թշնամի» է դարձել, ու հենց Արսենի պատճառով Ջուլֆալակյան Լևոնը հրաժարվեց հավաքականի մարզչի պաշտոնից»,-պատմեց մեր զրուցակիցը՝ շարունակելով․ «Էդ դեպքից առաջ հավաքականի տղաները կանչում են Արսենին ու ասում՝ հայրդ հավաքականի ու մեր համար շատ բաներ է արել, բայց հիմա դու էնպես ես անում, որ հորդ դնում ես երկու քարի արանքում, ու, բնականաբար, հայրդ ընտրելու է քեզ, ինչը վնասելու է թե՛ հավաքականին, թե՛ ըմբշամարտին, թե՛ Լևոն Ջուլֆալակյանին, մենակ նրա համար, որ ուզում ես ամբիցիաներդ բավարարես ու դու գնաս աշխարհի առաջնությանը մասնակցելու»։

Ըմբշամարտի հավաքականի տղաները, ըստ մեր զրուցակցի, Արսեն Ջուլֆալակյանին առաջարկում են մի կողմ դնել ամբիցիաները ու համակերպվել, որ Կարապետ Չալյանն է մասնակցելու առաջնությանը։ «Ինքը՝ Արսենը, Չալյան Կարոյին միշտ պարտվում էր, բայց ասում էր՝ չէ՛, ես պիտի գնամ աշխարհի առաջնությանը։ Արսենը, բնականաբար, մերժում է, գնում է Ծառուկյան Գագիկի մոտ, խնդրում է, որ ինքը գնա, և, ի վերջո, որոշվում է, որ Արսենը «կպնելու է» Կարոյի հետ և հաղթողն է մասնակցելու առաջնությանը։ Արդյունքում՝ Արսենը պարտվում է Կարոյին, բայց մինչև վերջ պայքարում է, որ ինքը գնա։ Ի վերջո, հավաքականի տղաները Լևոն Ջուլֆալակյանին ասում են, որ եթե դու եղար մեր մարզիչը ու Արսենը գնաց մասնակցելու առաջնությանը, ապա մենք ոչ մեկս չենք մարզվելու հավաքականում։ Այդպիսով, Լևոն Ջուլֆալակյանը հրաժարվում է մարզչի պաշտոնից, ինչը մեծ վնաս է հասցնում հավաքականին, քանի որ Լևոնը մեր լավագույն մարզիչներից է, իսկ հավաքականի տղաները շատ էին հարգում ու ընդունում մարզչին», — պատմեց մեր զրուցակիցը։ Բացի դա, ըստ մեր զրուցակցի, սկսած 2004 թվականից, երբ Գագիկ Ծառուկյանը ընտրվել է Օլիմպիական կոմիտեի նախագահ, Արսեն Ջուլֆալակյանի բոլոր հարցերը լուծել է Ծառուկյանը․ «2018 թվականի հեղափոխությունից հետո էլ չգիտեմ ոնց «Բարգավաճից» թռավ մտավ «Իմ Քայլի» ցուցակ։ Պատգամավոր եղած ժամանակ էլ ինքը «green card» ուներ, որը ստացել է որպես Օլիմպիական խաղերի մասնակից»։

Հիմա Արսեն Ջուլֆալակյանը դարձել է «նախկինների» համախոհը և թիմակիցը։ Փաստորեն, հավաքականից, Ծառուկյանից, «Իմ Քայլից» «թռնողը» իր «թռնելու» սեփական փորձից ելնելով է ՔՊ-ի «3-րդ էշելոնի» կուսակցականներին խորհուրդ տալիս՝ «թռնելու» տեղ թողնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ