Ադրբեջանը մեղադրում է ՌԴ-ին դաշնակցային պարտավորությունները խախտելու մեջ

Դեռևս երեկ  ՌԴ ՊՆ-ն  արձանագրեց, որ մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի: Փառուխ բնակավայրի շրջանում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումների ուղղությամբ «Bayraktar-TB 2» տիպի անօդաչու թռչող սարքով չորս հարված է հասցվել։  ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ զորքերը ելման դիրքեր վերադարձնելու համար քայլեր  են  ձեռնարկվում։

Ուշագրավ է, որ ՌԴ ՊՆ-ի այս արձանագրումներից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ  ըստ ադրբեջանական կողմի` ՌԴ ՊՆ հայտարարությունը «հակասում է երկկողմ հարաբերությունների բնույթին ու դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին»:  Ադրբեջանի ՊՆ-ն ռուսական կողմից պահանջել է ապահովել հայկական զինված ուժերի դուրսբերումը, չկիրառել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը և քարտեզներում ցուցադրել տեղանունների ադրբեջանական տարբերակները։

Արդեն իսկ փաստ է, որ բավական չէ ադրբեջանական կողմը խախտել է  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ավելին՝  պահանջներ է ներկայացնում ռուսական կողմին։  Ընդ  որում ՌԴ ՊՆ-ի արձանագրած հայտարարությունից հետո Ադրբեջանում հակառուսական հիստերիա է սկսվել, Ալիևի իշխանությանը  հարող կայքերն ամեն առիթով քննադատում են ռուսական կողմին ու պահանջներ են ներկայացնում։

Օրինակ Haqqin.az-ը  գրել է,որ Ռուսաստանը խախտում է դաշնակցային պարտավորությունները, մասնավորապես 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին ստորագրված  հռչակագրում ամրագրված է, որ  երկրները համատեղ պետք է պայքարեն   այսպես կոչված զինված անջատողականների դեմ, այն ինչ, ՌԴ ՊՆ-ն պահանջում է վերադառնալ ելման դիրքեր,  փոխանակ օգնի Ադբեջանի զինուժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ