ՌԴ ՊՆ-ի հայտարարությունից հետո ռուս խաղաղապահներին այլ ելք չի մնում, բացի ադրբեջանցիների հանդեպ ուժի կիրառումից

Դեռ  երեկ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ արձանագրել էր, որ մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի: Փառուխ բնակավայրի շրջանում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումների ուղղությամբ «Bayraktar-TB 2» տիպի անօդաչու թռչող սարքով չորս հարված է հասցվել։  ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ զորքերը ելման դիրքեր վերադարձնելու համար քայլեր  են  ձեռնարկվում։

ՌԴ ՊՆ-ի այս արձանագրումներից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ  ըստ ադրբեջանական կողմի` ՌԴ ՊՆ հայտարարությունը «հակասում է երկկողմ հարաբերությունների բնույթին ու դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին»: Ադրբեջանի ՊՆ-ն ռուսական կողմից պահանջել է ապահովել հայկական զինված ուժերի դուրսբերումը, չկիրառել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը և քարտեզներում ցուցադրել տեղանունների ադրբեջանական տարբերակները։

Փաստ է, որ  ռուսական կողմին տրված այս կոշտ պատասխանից հետո մինչ այսօր՝ մարտի 27-ը ադրբեջանական զինուժը դեռ չի վերադարձել ելման դիրքեր, իսկ ռուսական կողմի հույսերը, թե  բանակցելով հնարավոր կլինի լուծել խնդիրը, հօդս են ցնդում։ Ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահներին այլ ելք չի մնում, բացի Փառուխ ներխուժած ադրբեջանցի զինվորականների հանդեպ ուժի կիրառումից,  կամ  ռուսական կողմը կարող է ընդամենը սեփական խայտառակության հաշվին համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ