Հայ ուսանողի նախագիծը հաղթող է ճանաչվել ՏՏ ոլորտի միջազգային օլիմպիադայում

20 երկրի 1700 ուսանողի միջև թեժ մրցակցության արդյունքում, «Այ-թի պլանետա» միջազգային օլիմպիադայում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողը պատվավոր 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Օլիմպիադան այս տարի օնլայն է անցկացվել: 13-րդ անգամ իրականացվող մրցույթում Հայաստանն առաջին անգամ է հաղթանակ գրանցել: Հաղթած նախագիծը Սլավիկն ընկերոջ հետ է մշակել: Էլոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիա ստանալու ծրագիր են ներկայացրել:

Սլավիկ Կայծակով (ՀՀ ՃՇՀԱՀ ուսանող) — Ճանապարհի վրա է ամբողջ համակարգը հավաքվելու, լինելու են պլատֆորմներ փոքր բլոկներով տեղադրված ճանապարհի վրա, մարդը քայլելուց կգեներացնի էլեկտրաէներգիա, իսկ ճանապարհի կողքերին կտեղադրվեն մինի ՀԷԿ-եր, անձրևաջրերից կգեներացնեն էլեկտրաէներգիա: Անձրևաջրերը կկուտակվեն, դրանց հոսքից կգեներացվի էլեկտրաէներգիա:

Առաջարկում են անձրևաջրերը հավաքել բաքերում, օգտագործել ոռոգման նպատակով, դրանք լավ ֆիլտրելու դեպքում նաև խմելու համար պիտանի կլինեն: Ծրագիրն իրականացնելու համար 3000 քառ. մ տարածք ու ավելի քան 14 000 դոլար է անհրաժեշտ:

Սլավիկ Կայծակով — Արդյունավետ է լինելու մարդաշատ տարածքներում, Հյուսիսային պողոտայում կարելի է տեղադրել. այդ դեպքում՝ առանց ՀԷԿ-երի:

Օլիմպիադան գրեթե մեկ տարի է տևել, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից 16 ուսանող է մասնակցել, 4-ը եզրափակիչ են անցել: Վերջին փուլում մրցակցության մեջ մտած 20 ուսանողից երեքն աղջիկ են, երեքն էլ՝ այս բուհից:

Կարեն Պետրոսյան (ՀՀ ՃՇՀԱՀ դասախոս) — Այս օլիմպիադան տարբերվում էր մյուս բոլոր օլիմպիադաներից նրանով, որ եթե մյուս բոլոր օլիմպիադաներում պահանջվում է ալգորիթմական մտածողություն և ծրագրավորման հիմունքների իմացություն, ապա այս օլիմպիադան ուսանողներից պահանջում էր նաև տարբեր տեխնոլոգիաների ծրագրավորման լեզուների խորացված իմացություն:

Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ միջազգային օլիմպիադան հաղթողների համար նոր դռներ է բացում, օգնում IT հեղինակավոր ընկերություններում աշխատանք գտնել: Բացի դրանից՝ կազմակերպիչները օգնում են հաղթող պրոյեկտները իրականություն դարձնել:

Կարեն Պետրոսյան — Օլիմպիադայի արդյունքում, ըստ կազմակերպիչների, Սլավիկին պետք ֆինանսավորեն, ստեղծվի մեծ պրոյեկտ, որը կտևի տարիներ, հնարավորություն կտա ընդգրկել այլ ուսանողների:

Մրցույթի կազմակերպիչները միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ի սկսզբանե հայտարարել էին, որ բոլոր այն նախագծերը, որոնք հաջողություն կունենան, իրենք պարտավորվում են ֆինանսավորել հաղթողներին պրոյեկտները իրականացնելու:

Օլիմպիադան բարձրացրել է նաև բուհի վարկանիշը: Մրցույթի կազմակերպիչների դասակարգմամբ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը լավագույն քառյակում է հայտնվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ