Ռոբերտ Քոչարյանը թքած ունի  կորոնավիրուսի տարածման վրա

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնալով էլ ավելի է ահագնանում. օրական գրանցվում են նոր վարակման 2000-ից ավելի դեպքեր, մահանում՝ միջինում 50 և ավելի քաղաքացիներ։

Իրավիճակին համահունչ ՀՀ կառավարությունը փորձում է ձեռնարկել համարժեք քայլեր, որոնք  կնպաստեն  համաճարակի տարածման տեմպերի կրճատմանը՝ փորձ անելով կանխել երկիրն առողջապահական կոլապսի առաջ կանգնեցնելը։

Սակայն, միևնույն ժամանակ, չնայած վերոնշյալ ահագնացող համաճարակային իրավիճակին՝  ընդդիմությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որոշել է սկսել հանրահավաքների շարք՝ անտեսելով երկրում ստեղծված իրավիճակը։

Ընդդիմությանը և Ռոբերտ Քոչարյանին կարելի էր հասկանալ, եթե երկրում չլիներ նման ծանր համաճարակային իրավիճակ և նաև քաղաքական առումով իրավիճակ փոխված լիներ։ Սակայն, տարօրինակ է, որ ընդդիմությունը որոշել է հանրահավաք կազմակերպել օրինական ընտրություններից ընդամենը 4 ամիս անց և հեռացնել լեգիտիմ իշխանությանը, որին ժողովրդի մեծամասնությունը վստահել է երկրի հետագա 5 տարիների կառավարումը։

Ի՞նչ նպատակ է հետապնդում ընդդիմությունը՝ հանձին Ռոբերտ Քոչարյանի, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ այդ ճանապարհին նրանք գերադասում են սեփական քաղաքական շահը և նպատակահարմարությունը՝ անտեսելով հանրային առողջության խաթարման ռիսկերը և հնարավոր ծանր հետևանքները։

Զարմանալի է նաև, որ հանրահավաք կազմակերպած ընդդիմադիր նույն ուժերը ներկայացվածություն ունեն երկրի օրենսդիր մարմնում, սակայն գեթ մեկ անգամ չեն հորդորել թեկուզ միայն իրենց ընտրազանգվածին հետևել հակահամաճարակային միջոցառումներին և պատվաստվել, այլ հակառակը՝ փորձում են երկիրը քաշել ներքաղաքական ցնցումների մեջ։

ՀՀ քաղաքացին ավելի քան գիտակից է և հստակ տարբերում է երկիրը փրկելու իրական կոչերը կեղծ քաղաքական շոուներից և իրական հայրենասերներին՝ անձնական շահը գերադասողներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ