Մարագոսի հետ հանդիպմանն արժևորվել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը, մտքեր են փոխանակվել համագործակցության շուրջ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը և պատգամավոր Բաբկեն Թունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Արուսյակ Մանավազյանն արժևորել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը, բարձր գնահատել ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:

Վասիլիս Մարագոսի խոսքով ՀՀ-ԵՄ հարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում, այդ թվում՝ խորհրդարանական հարթակում։ Անդրադառնալով երկկողմ համագործակցության հագեցած օրակարգին՝ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է փոխգործակցության ոլորտները, բյուջետային աջակցության ծրագրերին համահունչ բարեփոխումները, մանրամասնել աջակցության ծրագրերի ուղղությունները։

Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը Հայաստանում:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական, էներգետիկայի ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին, հայկական արտադրանքը եվրոպական չափանիշներին մոտարկելու հնարավորություններին ու գործիքակազմերին, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին և երկկողմ օրակարգի այլ հարցերի: Վասիլիս Մարագոսը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ