Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ավելի լավն են, քան նախօրոք կանխատեսվել էր

Հայաստանի տնտեսությունը սկսել է վերականգնվել համավարակի հետևանքով 2020 թ. արձանագրված անկումից հետո. վերջին ցուցանիշները լավատեսություն են ներշնչում: Դրա մասին են վկայում Եվրասիական փորձագիտական ակումբի ուսումնասիրությունները: Կառույցը յուրաքանչյուր կիսամյակ տնտեսական հետազոտություններ է անցկացնում՝ առկա միտումները պարզելու նպատակով:

Արամ Սաֆարյան (Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող) — 2021 թ. հունիս ամսին մայիսի համեմատ այդ զարգացումները կրում են առաջանցիկ բնույթ:

Հայաստանի համար հավելյալ հնարավորություններ են ստեղծում նաև ԵԱՏՄ անդամ գործընկերների տնտեսական ցուցանիշները: Փորձագիտական ակումբի տվյալներով՝ Ռուսաստանն ու Ղազախստանն արդեն դուրս են եկել մինչհամավարակային ցուցանիշների մակարդակ: ԵԱՏՄ-ի նման կառույցի պարագայում փոքր տնտեսությունները, ինչպիսին է հայկականը, ավելի արագ են զգում դրական ազդակները, հավելում է Արամ Սաֆարյանը:

Արամ Սաֆարյան — Աճում է Հայաստանի թե՛ արտահանումը, թե՛ ներկրումը: Ընդ որում, արտահանումը աճելու է ավելի մեծ տեմպերով, քան՝ ներկրումը:

2021 թ. ԵԱՏՄ անդամ երկրների համար կանխատեսվում է 3,8 տոկոս համախառն ներքին արդյունքի ընդհանուր աճ: Նախորդ տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ցուցանիշը նվազել էր 2,9 տոկոսով: Հայաստանի տնտեսությունը ընդհանուր ցուցանիշներից ավելի բարձր արդյունք կարձանագրի՝ համոզված են ակումբի փորձագետները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ