«Կհանդիպենք դատարանում, ես խնդիր չունեմ…»․ Գագիկ Մելքոնյանը՝ Վանեցյանին

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը դիմել է դատարան՝ զրպարտության դիմաց բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Գագիկ Մելքոնյանից։

Մելքոնյանը իր հարցազրույցում, խոսելով 44-օրյա պատերազմից, ասել է․«Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։

Ինքը՝ Գագիկ Մելքոնյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ընդհանուր է ասել, մի պահ էլ Վանեցյանին է հիշատակել հարցազրույցում․ «Հարցրել եմ՝ ո՞ր ճակատում եք կռվել․․ ես ասել եմ, որ եղել եմ Քարվաճառում մինչև նոյեմբերի 25-ը, դուք որտե՞ղ եք եղել և ի՞նչ եք արել, թող ասեր։ Եվ սա վերաբերում է բոլորին, ոչ միայն Վանեցյանին, բոլոր նրանց է վերաբերում, որոնք այստեղից թափով գնացին և թափով հետ եկան, եկան հարձակվեցին ԱԺ-ի, կառավարության շենքերի վրա, մտան վարչապետի տունը»,-ասաց Մելքոնյանը։

Նա նշեց, որ առայժմ դատարանից ծանուցագիր չի ստացել, երբ ստանա, փաստաբանը կզբաղվի այդ հարցով․ «Ես պատրաստ եմ, դատարանում է ուզում, թե այլ տեղ, թե ԱԺ-ում է ուզում, երկուսս էլ այնտեղ ենք լինելու, կարող ենք Աժ-ում էլ հանդիպենք, ասելիքս ասեմ, բացատրեմ։ Խնդիր չկա, տվել է դատի, մենք էլ կգնանք կհանդիպենք դատարանում, ես խնդիր չունեմ»,-ասաց նա։

Անդրադառնալով Երասխում տեղի ունեցող զարգացումներին՝ Մելքոնյանը նշեց, որ պատահական չէ ընտրված Երասխը, քանի որ Երասխն այն հատվածն է, որտեղ հնարավոր է փակել ճանապարհը դեպի Զանգեզուր․«Իրենք նպատակ ունեն դեպի Զանգեզուր գնացող ճանապարհը փակել, բայց մեր զորքերը պատրաստ են, դիմակայում են, մեր սահմանները անառիկ են»։ Այնուամենայնիվ, Մելքոնյանը չի կարծում, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կվերածվի, Երասխում, նրա խոսքով, այս պահին էլ խաղաղ է, մարդիկ իրենց ամենօրյա աշխատանքն են անում դաշտերում, ավելի շատ Երևանում են խառնվել իրար։

Անդրադառնալով պաշտպանության նախարարի հրաժարականին և Արշակ Կարապետյանի նշանակմանը՝ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ կադրային փոփոխություններին նորմալ է վերաբերվում, պետք է փոխվեն կադրերը․«Մենք պետք է անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակին, իհարկե, կադրերը պետք է փոխվեն։ Մարդիկ տասը տարուց ավելի այդ պաշտոններում նստած են»։

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը դիմել է դատարան՝ զրպարտության դիմաց բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Գագիկ Մելքոնյանից։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •