Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Lexus-ն ու «06»-ը, «06»-ը վերածվել է մետաղե ջարդոնի, Lexus-ն էլ հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ-ին բախվել են Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սերոբ Մանուկյանի վարած Lexus մակնիշի և Ծովազարդ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Սասուն Մանուկյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Կարապետյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ