Մահվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցը Ճամբարակի ավագ դպրոցի բակում «ՈՒԱԶ»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած «ՈՒԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Ճամբարակի բնակիչ՝ 81-ամյա Գալինա Դավիդյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր.օրի-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել ք քրեական գործ, քանի որ որոշ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։ Հարուցված քրեական գործն էլ փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Սարգսյանն աշխատում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ-էլեկտրամոնտյոր։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Ղուկասյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ