ՊՆ-ից պարզաբանել են՝ Պատրոն Դավոն ինչ կարգավիճակով է գտնվել «բունկերում»

Դավիթ Գալստյանը երբեւէ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոն չի զբաղեցրել: «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Փետրվարի 17-ին մենք հարցում էինք ուղարկել նախարարություն՝ հետաքրքրվելով, թե Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) երբեւէ եղե՞լ է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական: Հետաքրքրվել էինք նաեւ, թե եթե չի եղել, ապա 2020 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի հետ ի՞նչ կարգավիճակով է գտնվել մարտական կառավարման կենտրոնում:

ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանից ստացված գրությունում մասնավորապես ասվում է. «Ի պատասխան 17.02.2021 թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված ձեր գրության՝ հայտնում եմ, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից:

Գրության մեջ բարձրացված առաջին հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ Դավիթ Գալստյանը երբեւէ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոն չի զբաղեցրել:

Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ներկայացված նկարում քննարկման առարկա է հանդիսացել գնումների գործընթացների շրջանակներում ՀՀ զինված ուժերի կարիքների համար անհրաժեշտ համապատասխան գույքի մատակարարման գործընթացը»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գալստյանն այժմ կալանավորված է: Ըստ ԱԱԾ-ի՝ «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ