Երբ կլինի արտահերթ ընտրություն․ Մարուքյանի պարզաբանումը

Կառավարության շենքում քիչ առաջ ավարտվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ ՀՀ վարչապետի հանդիպումը: Մարուքյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկել են ԶՈՒ գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ ֆոնի վրա արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Այս պահի դրությամբ որեւէ հարցի վերաբերյալ որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել:

Ըստ Մարուքյանի՝ ինքը ներկայացրել է իր այն դիրքորոշումը, որ պետք է զինված ուժերին հանգիստ թողնել, գնալ ընտրությունների, այնուհետեւ, կախված ընտրությունների արդյունքներից, այդ հարցը կորոշվի:

«Օրինակ, մեկը ես չեմ պատկերացնում առանց Գլխավոր շտաբի պետի խնդիրը լուծելու արտահերթ ընտրություններ։ Բայց ուզում եմ օր առաջ արտահերթ ընտրություններ լինի։ Դրա համար առաջարկում էի, որ եկեք կոնսենսուսի գանք, էս մասը դադար տանք, թողնենք ընտրություններից հետո դա զբաղվելու հարց, եւ գնանք առաջ: Վարչապետը ասում է, որ այդ խնդիրները պետք չի կապել իրար»,- մանրամասնեց Մարուքյանը:

Մարուքյանի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ի դիրքորոշման պարզ լինելուց հետո կարող է տեղի ունենալ նոր բանակցություն, որից հետո հնարավոր է՝ հուշագիր ստորագրվի՝ վարչապետի հրաժարականի դեպքում նոր թեկնածու չառաջադրելու մասին:

«Որովհետեւ խորհրդարանը չենք կարող ցրել միայն մի ուժի դիրքորոշումով: Եթե, օրինակ, ես հրաժարվում եմ վարչապետի թափուր պաշտոնի դեպքում առաջադրվելուց, բայց ԲՀԿ-ն չի հրաժարվում, էդ քննարկումը անիմաստ է դառնում: Հետեւաբար կոնսենսուս պետք է լինի»,- ասաց Մարուքյանը:

Թե երբ է նախատեսված ԲՀԿ առաջնորդի հետ վարչապետի հանդիպումը, կամ արդյոք նախատեսված է, ԼՀԿ ղեկավարը տեղյակ չէր: Համենայն դեպս, ըստ նրա, ԲՀԿ-ի ղեկավարի հետ հանդիպումից հետո կլինի նոր հանդիպում արդեն ավելի հստակ օրակարգով:

«Ես հույս ունեմ, որ բոլորը կունենան իմաստնություն՝ թե՛ իշխանությունում, թե՛ զինված ուժերում, թե՛ փողոցում քայլող մարդիկ, որ էդ բանակցությունների 2-րդ փուլում ․․․ Չեմ ուզում վատ բաներ ասեմ, ինչ-որ արհավիրք չլինի, նոր գանք խոսենք դրա մասին։ Ես հույս ունեմ, որ ինչ-որ ձեւով ինչ-որ ճանապարհ գտնելու ենք։ Հիմա էդ ճանապարհը ոնց կգտնենք, դեռ չգիտեմ։ Բայց ես պատրաստ եմ էդ ճանապարհը գտնելու, էդ կամքը կա։ Ես հույս ունեմ, որ իմ ներկայացրած խնդիրների վերաբերյալ էլ վարչապետը կմտածի մինչեւ մյուս հանդիպում»,- հավելեց ընդդիմադիր գործիչը:

Նա ասաց նաեւ, որ ինքը հաշվարկել է՝ եթե վարչապետը մարտի 8-ին հրաժարական տա, ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինի արտահերթ ընտրություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ