Փոխվել է տրանսպորտային միջոցների տեխզննության կարգը

Փոփոխության է ենթարկվել ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացը: Այսուհետև մեքենաների դիմապակու վրա տեխզննման կտրոններ չեն փակցվելու, փոխարենը անհրաժեշտ տվյալները կֆիքսվեն հատուկ էլեկտրոնային բազայում։ Նոր կարգով ավտոմեքենաների տեխզննման գործընթացի վերահսկողությունն է ուժեղացվում։ Տարբեր գնահատականներով՝ վթարների մինչև 30 տոկոսը տեղի է ունենում մեքենաների անսարքության պատճառով։

Տեխզննման գործընթացի ձևական բնույթի մասին շատ վարորդներ են խոստովանում, բայց և չեն ժխտում, որ այն պետք է, մեքենայում տեխնիկական հազար ու մի խնդիրներ են լինում, որոնք միայն մասնագետները կարող են հայտնաբերել։

Ավտոմեքենաների պարտադիր տեխզննություն վարորդներից չի պահանջվել, այն միայն պարտադիր է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների համար:

Նոր փոփոխություններով՝ այսուհետև պարտադիր է դառնում տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը: Բանկերից կտրոններ ձեռքբերելու անհրաժեշտություն չի լինի, 6 ամսվա ընթացքում Հանրապետությունում կներդրվի տեխնիկական զննության նոր գործընթաց:

«Երբ տեխզննության հերթական օրը գա, վարորդները դիմելու են տեխզննության կայաններ։ Եթե խախտումներ չեն հայտնաբերվի, տրանսպորտային միջոցը կմուտքագրվի էլեկտրոնային շտեմարան և վարորդներին կտրամադրվի արատորոշման քարտ, որ մեքենան պիտանի է շահագործման»,- shantnews.am-ին պարզաբանումներ է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը։

Նոր կարգը, ըստ նախարարության, պատասխանատուին թույլ կտա ավտոմեքենաների տեխնիկական զննության վերահսկելիությունն ապահովել։ Տեխզննման կայաններում սրանով կբացառվեն ձևական գործողությունները։ Հանրապետությունում այս պահին գործում է 50 կայան։

Մինչ այս նոր արտադրված ավտոմեքենաները տեխզննություն անցնում էին 2 տարին մեկ, իսկ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներն ու մարդատար տաքսիները՝ 6 ամիսը մեկ: Նոր կարգով փոխվել է նաև այս մեքենաների տեխզննության հաճախականությունը:

«Մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենաները տեխնիկական զննության չեն ներկայացվի, 4-10 տարեկան տրանսպորտային միջոցները կներկայանան երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարին լրանալուց հետո՝ յուրաքանչյուր տարի»,- նշել է Արման Կարապետյանը։

Առաջիկայում կհստակեցվեն նաև տեխզննման կայաններում մատուցվող ծառայությունների սակագինը: Դա կախված կլինի ավտոմեքենայի մակնիշից ու արտադրման տարեթվից: Անկախ տեխզննության գործընթացի փոփոխությունից, բոլոր վարորդների համար պարտադիր կմնա տրանսպորտային միջոցի համար նախատեսված գույքահարկի ու բնապահպանական հարկի վճարումները, իսկ չշահագործվող ավտոմեքենաների վարորդները տուգանքների չենթարկվելու համար պետք է խոտանեն հաշվառման պետհամարանիշները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ