Ռուսաստանը ստացել է այն, ինչ ուզում էր. հայկական պարտությունը կկանգնի՞

Ռուսաստանն իրավունք չուներ զորք ուղարկելու Արցախ առանց Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը: Նա խոսում է ֆորմալության մասին, որը հայտնի է իհարկե առանց դրա էլ, կամ որի մասին խոսվում էր իհարկե վաղուց: Նույն Պեսկովը մի քանի անգամ է հայտարարել, որ խաղաղապահների տեղակայման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի հավանությունը:

Այստեղ հարցը այլ՝ քաղաքական տիրույթում կամ տողատակում է: Ռուսաստանը պատերազմի առաջին իսկ օրից մինչ հրադադար չմիջամտեց մարտական գործողություններին այնպես, ինչպես դա անում էր Թուրքիան: Իհարկե, իրավաքաղաքական առումով Թուրքիան ուներ դրա, այսպես ասած, բացատրությունը՝ նա Ադրբեջանի տարածքում էր, իսկ Ռուսաստանը անընդհատ ընդգծում էր, որ Հայաստանի տարածքում կկատարի իր պարտավորությունը լիարժեք՝ ակնարկելով, որ դրանից դուրս չի գա:

Հասկանալի է, Մոսկվան չէր ուզում թշնամանալ Բաքվի հետ, և հիմնական պատճառներից մեկը այն չէ, որ չէր ուզում կորցնել Ադրբեջանը: Պարզ է այլևս, որ Մոսկվան ուղղակի ուզում էր ամեն, անգամ Արցախում հայկական ուժերի պարտության տեսքով, իր կրած պարտության գնով ստանալ Ադրբեջանի ստորագրությունը՝ Արցախ մուտք գործելու համար: Այդ ստորագրությունը ստացված է, նաև հայկական պարտության և տարածքների հաշվին: Ընդ որում, ոչ միայն փաստացի, այսինքն՝ արդեն եղած պարտության, այլ փաստորեն նաև շարունակվող, որովհետև եռակողմ համաձայնագրի բովանդակությունը նաև հայկական շարունակվող պարտության մասին է, տարածքների հանձնման: Ընդ որում, այդ ամենի դիմաց հայկական կողմը դե յուրե ստանում է միայն պատերազմի դադար և Արցախի 2500 քառակուսի կմ տարածքի հայկականության պահպանում:

Միևնույն ժամանակ Ռուսաստանը ստացել է իր համար ամենակարևորը՝ Ադրբեջանի ստորագրությամբ ռազմական մուտքն Արցախ: Եվ այստեղ իհարկե կա երկու հանգամանք՝ հայկական պետականության և շահի համար շատ կարևոր: Նախ՝ ինչպես ենք մենք ինքներս կարողանում հնարավորինս արագ, ընդ որում՝ նախ օրերի ու անգամ ժամերի հաշվով փոխել իրավիճակը և կասեցնել գոնե համաձայնագրով շարունակվող պարտությունը, և երկրորդ՝ այդ գործում ինչ կարող է անել Ռուսաստանը, որը ստացել է իր համար ելակետայինը և ռազմավարականը՝ ռազմական լեգալ մուտք Արցախ, այսպես ասած՝ Ադրբեջանի ստորագրությամբ:

Այսինքն՝ եթե Պեսկովի խոսքի տողատակում այն է, որ իրենք չունեին Հայաստանի սահմանից դուրս խառնվելու իրավունք, և ըստ էության այդ իմաստով է փաստորեն արդարացնում Ռուսաստանի չմիջամտելու հանգամանքը՝ թեև իհարկե պետք է ընդունել, որ Մոսկվան ապահովել է սպառազինության մատակարարումը եղած բարդ լոգիստիկայի պայմաններում, ապա այժմ Ռուսաստանը այդ իրավունքը ստացել է: Հետևաբար առաջանում է հարց՝ Մոսկվան պատրա՞ստ է անցնել արդեն ստացածն ընդլայնելու քաղաքականության, ինչը բնականաբար ենթադրում է նաև համաձայնագրով հայկական շարունակելի պարտության կասեցում: Հայկական դիվանագիտության համար սա ներկայումս պետք է լինի աշխատանքի գլխավոր, օպերատիվ կենսական հրամայականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ