Ռազմագերին մանրամասներ է պատմել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցու հարցաքննության տեսանյութը:

Էմին Բախշալիևը հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կամ 5-ին Ադրբեջանի Հանրապետությունում հայտարարվել է զորահավաք: «Սույն թվականի ամռանն անցկացվել են համատեղ լայնածավալ զորավարժանքներ, որոնց ավարտից հետո Թուրքիայի բանակից զինվորական կազմ է մնացել Ադրբեջանում: Նաև տեղեկացել եմ, որ պատերազմը սկսելու ժամանակ մեզ պետք է օգնեն Պակիստանից ժամանած զինծառայողները: Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մեր դասակի հետ մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել 3-5 օր, որի նպատակը եղել է լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը:

Թուրքիայից ժամանած զինվորականները միայն մեզ հետ չեն անցկացրել, այլ ծառայության բերումով տեսել եմ, որ մյուս ստորաբաժանումների հետ նույնպես նշված Թուրքիայից եկած զինվորականներն անցկացրել են դասընթացներ: Մեր զորամասի ողջ անձնակազմի հետ ընդհանուր 10-15 օր են անցկացվել նշված մարտական պատրաստության դասընթացները: Թուրքերը, երբ մեր զորամաս են ժամանել, մեզ ասել են, որ պատրաստվենք, որ լեռներում պետք է մարտական պատրաստության դասընթացներ անցկացվեն:

Մենք տարբեր ստորաբաժանումներով մարտական պատրաստականության դասընթացներ ենք անցկացրել լեռներում, մեզ ասվել է, որ պատրաստվենք պատերազմի, քանի որ առաջիկայում ռազմական գործողություններ են լինելու, պետք է հարձակում գործենք մեր միակ թշնամու, հայկական դիրքերի ուղղությամբ»,- պատմել է ադրբեջանցի ռազմագերին:

Բախշալիևը նշել է, որ Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով, սակայն կոչումներ չեն ունեցել փակցված համազգեստի վրա: «Մենք նրանց դիմել ենք ոչ անունով, ոչ էլ ազգանունով: Ուղղակի դիմել ենք հրամանատար».- մանրամասնել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ