Բիլ Գեյթսը կանխատեսել է, որ լինելու է «կորոնավիրուսի պանդեմիայից սարսափելի աղետ»

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ առաջիկա տասնամյակներում մոլորակին ճգնաժամ է սպասում, որը կորոնավիրուսի ներկայիս պանդեմիայից ավելի վատ կլինի: Այս մասին նա գրել է իր բլոգում։

Գեյթսը կարծում է, որ մարդկության համար նոր խնդիր կդառնա կլիմայի փոփոխությունը:

«Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչ վնաս կհասցնի կլիմայի փոփոխությունը, նայեք COVID-19-ին եւ բաշխեք տառապանքները շատ ավելի երկար ժամանակահատվածի վրա: Մարդկանց զոհվելը եւ այդ համաճարակի հետեւանքով առաջացած տնտեսական դժվարություններն այն են, ինչ տեղի կունենա պարբերաբար, եթե մենք աշխարհում չվերացնենք ածխածնի արտանետումները», — գրել է նա։

Գեյթսի կարծիքով՝ կլիմայի փոփոխությունն ավելի մեծ մահացության կհանգեցնի, քան կորոնավիրուսը։

«Անցյալ շաբաթվա տվյալներով՝ ամբողջ աշխարհում COVID-19-ից մահացել է ավելի քան 600 000 մարդ։ Տարեկան կտրվածքով սա 100 000-ից 14-ը մահացության ցուցանիշ է, — գրում է նա։ — Ինչպե՞ս է դա հարաբերվում կլիմայի փոփոխության հետ:

Կանխատեսվում է, որ հաջորդ 40 տարիների ընթացքում գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի գլոբալ մահացության աճի նույն մեծությամբ՝ 14 մահ ՝ 100 000-ով։ Մինչեւ դարի վերջ, եթե արտանետումների աճը բարձր լինի, կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել 73 լրացուցիչ մահվան 100 000 մարդու կտրվածքով: Արտանետումների ավելի ցածր մակարդակի դեպքում մահացության մակարդակը նվազում է մինչեւ 10-ը 100 000-ի: Այլ կերպ ասած, 2060 թվականին կլիմայի փոփոխությունը կարող է լինել նույնքան մահացու, որքան COVID-19- ը, իսկ 2100 թվականին՝ հինգ անգամ ավելի մահացու»։

Նա նաև հսկայական վնաս է կանխատեսում տնտեսության համար։

Նման հետեւանքներից խուսափելու համար, Գեյթսի կարծիքով, անհրաժեշտ է կլիմայի փոփոխության դեմ պայքարել գիտության ուժերի տարբեր ոլորտներում: Ընդունված որոշումները պետք է աշխատեն նաև աղքատ երկրներում։ Իսկ այդ պայքարը պետք է սկսել հենց հիմա՝ կորոնավիրուսի պանդեմիայից դասեր քաղելով, այսինքն ՝ գործել նաև համախմբված ու նույն լարվածությամբ, ինչպես երկրները դա անում են համաճարակի դեմ պայքարում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ