«Ես երջանիկ ամուսնություն եմ ունեցել` չնայած այն խնդիրներին, որոնք պատճառ դարձան ընտանիքի փլուզման». Ելենա Բորիսենկո

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն հուլիսի 27-ին նշում էր ծննդյան տարեդարձը: Մի փորձեք ջանք թափել նրա տարիքը կռահելու համար, քանի որ նա իր տարիներից միշտ էլ երիտասարդ է երեւացել, բացի այդ` դերասանուհին չի խուսափում թվերից եւ միշտ սիրով բարձրաձայնում է տարիքը` կռահելու տեղ չթողնելով ոչ մեկին: Այս տարի Ելենան դարձավ 47 տարեկան: Ծննդյան տարեդարձը դերասանուհին նշել է նեղ շրջապատում`ամենամտերիմ մարդկանց ներկայությամբ, սակայն մեր զրույցն այս անգամ խնջույքի մասին չէր…

«Միշտ մեծացնում եմ ինձ…»

Աղջիկներն ու կանայք հիմնականում ձգտում են իրենց տարիքից ավելի փոքր երեւալ ու նման նկատառումներն ընդունում են` որպես հաճոյախոսություն, սակայն Ելենա Բորիսենկոն խոստովանում է, որ հաճախ ստիպված է եղել այնպես անել, որ տարիքից ավելի մեծ երեւա.

«Եթե ասեմ, որ հաշտ եմ տարիքիս հետ, կստեմ, որովհետեւ միշտ մեծացնում եմ ինձ, ոչ թե արտաքնապես, այլ, օրինակ, 47-ս լրացավ, բայց մտովի ասում եմ, թե 48 եմ (ծիծաղում է): Բայց եղել է ժամանակ, երբ դիտավորյալ արտաքինս էլ եմ մեծացրել, քանի որ միշտ տարիքիցս փոքր եմ երեւացել, նույնիսկ, ընդունելության քննությունների ժամանակ ինձ ինստիտուտ չէին թողնում: Ես, իհարկե, գիտեմ, որ 47 տարեկան եմ, բայց, թե քանի տարեկան եմ ինձ զգում, այ, դա լուրջ է, որովհետեւ ընդհանրապես տարիք չեմ զգում»,-ասում է նա ու կատակով հավելում,-«Մի ընկեր ունեմ, որը շատ լավ այդ հարցին պատասխանում է. ասում է` գիտե՞ք ինչու ա Լենան փոքր երեւում, որովհետեւ խելքն ա էդքան (ծիծաղում է): Դե, դա, իհարկե, կատակ է, բայց իմ ներսի երեխան միշտ արթուն է»:

«Ես երջանիկ ամուսնություն եմ ունեցել` չնայած այն խնդիրներին, որոնք պատճառ դարձան ընտանիքի փլուզման»

Կարծիք կա, թե իրապես երջանիկ ու ինքնավստահ են միայն ամուսնացած կանայք, սակայն Ելենան վառ ապացույցն է նրա, որ ամուսնությունը կապ չունի կնոջ ինքնավստահության հետ: Դերասանուհին նախկինում եղել է ամուսնացած կնոջ կարգավիճակում, եւ ինչպես ինքն է նշում` պատրաստ է կրկին մտածել այդ մասին, միայն, եթե լինի, իսկապես, «բարձրագույն» թեկնածու.

«Պետք է նշեմ, որ ես երջանիկ ամուսնություն եմ ունեցել` չնայած այն խնդիրներին, որոնք մենք ունեինք եւ որոնք պատճառ դարձան ընտանիքի փլուզման: Այդ հարցում ես չունեմ վախեր կամ բարդույթներ, ես այդ ինստիտուտը կարմիր դիպլոմով եմ ավարտել, եւ եթե հայտնվի այն «բարձրագույնը», որն ինձ կոգեւորի, ես մագիստրոսի կոչումն էլ գերազանցությամբ կանցնեմ»,-ասում է նա:

Անդրադառնալով կյանքում ունեցած զղջումներին` դերասանուհին միայն մեկ դեպք վերհիշեց.

«Ասել եմ, ասում եմ ու կասեմ` կգնայի Մոսկվա 90 թ-ին` դպրոցից հետո ուսումս շարունակելու: Մնացածն այն սխալներն են, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավը դառնալու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ