Կայացել է 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական հերթական նիստը, որին ներկա է եղել ամբաստանյալ Անի Մինասյանը:

Նիստի այս փուլում հարցաքննվել են  քրեական գործում ներգրաված վկաներից չորսը։

Նախ՝ վկայություն տալու համար նիստերի դահլիճ է հրավիրվել այն բնակարանի սեփականատերը, որտեղ ընտանիքից հեռանալուց հետո վարձով բնակվել է 20-ամյա մայրն իր երեխայի հետ։

Լսողության խնդիրներ ունենալու պատճառով Ռոբերտ Ներսիսյանը դատավորի հարցերին պատասխանել չի կարողացել, նրան դատարան կհրավիրեն  հաջորդ նիստի ընթացքում լսողական սարքով ապահովելուց հետո։

Դատարանում ցուցմունք են  տվել նաև Անի Մինասյանի ամուսինը՝ Արթուր Ալեքսնայանը, սկեսուրը՝ Սուսաննա Այվազյանն ու սկեսրայը՝ Գրիգոր Ալեքսանյանը, որոնք ասել են, թե հարսի հետ ընտանիքում հարաբերությունները եղել են նորմալ, որևէ միջանձնային խնդիրներ չեն եղել մինչ այն պահը, երբ Անին, երեխային թողնելով տանը,   հանկարծակի հեռացել է, իսկ նրան հայտնաբերել են մոտ մեկ շաբաթ անց:

Տանից հեռանալու որևէ պատճառ երեխայի մայրը ընտանիքի անդամներին այդպես էլ չի ներկայացրել, միայն ցանկություն է հայտնել առանձին ապրել: Երեխային նրա խնամքին են փոխանցել ու օգնել ֆինանսապես։
Երեխայի սպանության մասին ընտանիքի անդամներն իմացել են ԶԼՄ-ներից ու Անիի տատիկից։

Վկաներից վերջինը եղել է այն աղբատարի վարորդը, որը Սպիտակի հիվանդանոցի մոտակայքից աղբի հետ երեխայի մարմինը տեղափոխել է կենտրոնական աղբանոց։

Մյուս վկաների չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հունիսի 30-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ