Ինչպես «Ծաղիկ Ռուբոն» դարձավ գեղեցիկ այգու տեր ու չորացրեց այն…

Դեռ ամիսներ առաջ քաղաքապետ Հայկ Մարությանն Առաջին լրատվականի եթերում պատմել էր. «Գալիս են մարդիկ՝ սա իմ հողատարածքն է, ուզում եմ այստեղ շենք կառուցել։ Ես հատիկ-հատիկ բոլորը նայում եմ և հենց տեսնում եմ՝ կասկածելի է, կա Google Earth ծրագիր, որտեղ կարողանում ես ժամանակային հետ տալ։ Հետ ես տալիս, տեսնում ես՝ մեծ այգի է, որը փոսի է վերածվել։

Սա Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածն է, տարածքն իրավունք չունի օտարվելու, բայց օտարվել է և ո՞ւմ է օտարվել՝ այդ վարչական շրջանի թաղապետի աղջկա անունով։ Ես կանգնեցնում եմ պրոցեսը, թույլ չեմ տալիս շինարարություն լինի և ասում եմ՝ ուղարկեք դատախազություն»: Հայկ Մարությանի հիշատակած նախկին թաղապետը Ռուբեն Գևորգյանն է, որը առավել հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականունով։

Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան 40 հասցեի տարածքն անցել է նախկին ԲՀԿ-ական պատգամավորի աղջկան՝ Արմենուհի Գևորգյանին, երբ նրա հայրը 1996-1999 թվականներին Դավիթաշենի թաղապետն էր։ Այգու տարածքը Ռուբեն Գևորգյանի ընտանիքին անցել է աստիճանաբար. նախ՝ 1997 թվականին Արմենուհի Գևորգյանը, առանց թույլտվության, այստեղ հանգստի համալիր է կառուցել, ապա 1999-ին Գևորգյանը վարձակալել է ամբողջ այգին, իսկ հաջորդ տարի արդեն 6.452 ք.մ. հողատարածքը դարձել է նրանց սեփականությունը։ Հետագայում Ռուբեն Գևորգյանի տարածքն ընդլայնվել է և այժմ կազմում է 7.449 ք.մ.։

Երկու տարի առաջ Ռուբեն Գևորգյանի աղջիկը հողատարածքը փոխանցել է հենց իրեն պատկանող «Ֆեմիդա գրուպ» ՍՊԸ-ին։ Այս փաստաթուղթը հավաստում է, որ «Ֆեմիդա գրուպ»-ը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար Բնապահպանության նախարարությունից ստացել է դրական եզրակացություն։ Համալիրը պետք է ներառեր 14, 16 և 18 հարկանի շենքեր։

Փաստացի ստացվում է, որ քաղաքապետարանի ջանքերով խափանվել է այս ծրագիրը՝ «Ֆեմիդա գրուպ»-ը քաղաքապետարանից չի ստացել շինարարության թույլտվություն։ Ավելին՝ հասկանալու համար, թե որքանով են օրինական հողահատկացման հիմքերը, հողատարածքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱԱԾ։ Քաղաքապետն ակնարկում է, որ առերևույթ խախտվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը, ըստ որի՝ արգելվում է պետական ու համայնքային սեփականության այգիները սեփականաշնորհել:

աղբյուրը՝  Factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ