«ՀՀԿ-ն արդեն յուղ է վառում». Լևոն Շիրինյան

«Մենք հաստատ խորհրդարան կանցնենք»,- նախընտրական քարոզարշավի ավարտին նման եզրահանգման է եկել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Շիրինյանը բացատրեց, որ քարոզարշավի ընթացքում ունեցել են դանդաղ եւ արագ աճեր, երեկ`Հանրային հեռուստաընկերության եթերում, ընտրապայքարին մասնակցող ուժերի առաջին համարների բանավեճում, գրանցվել է կուլմինացիան:

«Ես իդեալականացրեցի եւ քաղաքականացրեցի քարոզարշավը: Երեկ տեսա՞ք թե քանի մարդ էր իմ բառերը կրկնում»,- ասաց Լեւոն Շիրինյանը`հավելելով, որ այդպիսով ինքն ու իր համախոհները այս քարոզարշավում կատարել են իրենց խոստումը եւ գոհ են, որ հիմա «գնում ենք դեպի արարչագործական Հայաստան»:

Գոհ են նաեւ, որ իբրեւ երիտասարդ ուժ, քարոզարշավի ընթացքում կարողացել են ճանաչելի դառնալ:Թե ի՞նչ ներկայացվածություն կունենան հաջորդ խորհրդարանում հարցը Լեւոն Շիրինյանին այդքան էլ դուր չեկավ:

Զարմացավ`եթե իրենք`քրիստոնեա-ժողովրդավարական արժեքներ բերողները չպիտի լինեն, ապա ո՞վ պետք է լինի խորհրդարանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ