![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Լևոն Տեր-Պետրոսյանին ժամանակին համարել է ՀՀ-ի միակ քաղաքական գործիչը, այժմ կարծում է, որ կա՛մ ժամանակի ընթացքում Տեր-Պետրոսյանը փոխվել է, կա՛մ ինքը սխալվել է:
«Պարբերաբար Կոպիրկինի հետ հանդիպումները հակապետական գործունեություն են»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա, ապա անդրադառնում «Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանի և Լևոն-Տեր Պետրոսյանի «սիրառատ» հանդիպմանը և միմյանց աջակցություններ հայտնելուն. ««Ժուռնալիստների միություն»-ը Հայաստանի բոլոր լրագրողները չեն, համենայն դեպս, ինձ ծանոթ լրագրողները այդտեղ որևէ անդամակցություն չունեն: ԺՄ-ի արտահայտած կարծիքը գուցե Սաթիկ Սեյրանյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ ծնված միտք է»:
Անդրադառնալով Հայաստանի դատավորների միության հայտարարությանը, որով դատական իշխանության անկախությանը սպառնացող նախաձեռնություն են որակել նոր Սահմանադրության նախագծի՝ դատական իշխանությանը վերաբերող դրույթները՝ Ստեփանյանը ասում է. «Դատավորների միությանը և ընդդիմությանը միավորում է մեծ սերը դեպի Ռուսաստանի Դաշնությունը, իսկ ես Սահմանադրության նոր նախագծում տեսնում եմ ցանկություն ստեղծել Հայաստանի 4-րդ հանրապետության համար լուրջ հիմնասյուն: Նախկին նախագահները, տարբեր միությունները և նման կառույցներն ու մարդիկ չեն ուզում, որ այդ հանրապետությունը ստեղծվի, քանի որ կախվածությունն իրենց տերերից այլևս չի լինելու, իսկ դա կրիտիկական է իրենց համար»:
Զրուցակցի նկատառմամբ՝ Հայաստանում արդարատատությունը փողով էր, դատավորներին պետք էր կաշառել. «Ասում էին՝ բեր այսքան փող տուր, գործը քո օգտին գրենք, չես տա՝ չենք գրի: Մինչև հիմա դատավորների մեջ կան լիքը կաշառակերներ, որ իրենց ձեռնտու չէ նոր Սահմանադրությունը, իրենց մուրճին է խփում, որը փող է բերում, էլ չեն կարող շորթել»:
Ստեփանյանը նաև կարծիք է հայտնում, որ Ադրբեջանը ևս չի ուզում Հայաստանում Սահմանադրությունը փոխվի. «Եթե իսկապես ուզենային, որ մեր Սահմանադրությունը փոխվի, հղումը հանվի, դրա մասին ընդհանրապես չէին խոսի, բայց խոսում են, որ չփոխվի, խաղաղության վերջնական հաստատման գործընթացը ձգձգեն: Մեր ընդդիմությանը քարտ բլանշ են տալիս: Ռուսներն էլ ուզում են, որ Ղարաբաղի մասին կետը լինի, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը շարունակվի»:
Վերջինս տրամաբանական է համարում Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ լինելը, բայց չի հասկանում, թե ընդդիմությունը ինչի է դեմ. «Ղարաբաղը հայաթափեցին, հիմա էլ ասում են՝ Անկախության հռչակագիրը պահենք, տականքություն է, մարդկանց վրա ուզում են վաճառել էմոցիաներ, որ խաբվեն մարդիկ: Ղարաբաղը մսխել են, ասում են՝ թուղթը պահենք, ո՞ւմ է էդ թուղթը պետք, ական է, որ դնում են Հայաստանի տակ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()