Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ. Կամո Ցուցուլյան

2026 թվականի 6 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0,3%-ով (2025թ. 6 ամիս` 22․025, 2026թ․ 6 ամիս՝ 21.960), ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության (նվազում՝ 1․454-ով) և մարդու դեմ ուղղված հանցագործությունների (նվազում՝ 588-ով) թվի նվազմամբ։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

«Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1,9%-ով։ Արձանագրված դեպքերի 88,2%-ը նվազ հանրային վտանգավորություն ներկայացնող ոչ մեծ /60,3%/ և միջին ծանրության /27,9%/ հանցագործություններ են, իսկ 11,8%-ը՝ ծանր /10,4%/ և առանձնապես ծանր /1,4%/ հանցագործության դեպքերը։ Հայաստանի Հանրապետության դեպքում այս կառուցվածքն օրինաչափություն ունի, ինչը նշանակում է, որ մեր երկիրը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ։ Դա փաստում են նաև միջազգային հեղինակավոր վերլուծական հարթակների ուսումնասիրությունները»,- ասել է Ցուցուլյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ընթացիկ տարում, ըստ առանձին հանցատեսակների նվազում է արձանագրվել հաստատված սպանություններով (21-20), դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (396-325), ճանապարհային երթևեկության կանոնների խախտման (958-950), այդ թվում՝ մահվան ելքով (88-51), խուլիգանության (498-417), այդ թվում՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ (63-41), ավազակության (44-36), կողոպուտի (63-41), գողության (3․129-2․264), այդ թվում՝ բնակարանային (432-262), խարդախության (1․231-1․038), յուրացման կամ վատնման (174-105) և այլ դեպքերով։

Միևնույն ժամանակ, աճել են սպանության փորձերի (39-51), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (107-114) և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (82-93) դեպքերը։ Սպանության փորձի դեպքերն աճել են 12-ով կամ 30,8%-ով։ Սպանության փորձի դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց աճը հիմնականում պայմանավորված է մի քանի գործոններով։

«Մասնավորապես՝ սպանության փորձի 51 դեպքերից 4-ը կատարվել են նախորդ տարում, սակայն ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնում հաշվառվել են 2026 թվականի հաշվետու ժամանակահատվածում, իսկ 6-ը սպանության նախապատրաստության դեպքեր են, որոնց հետագա զարգացումները կանխվել են քրեական ոստիկանության ծառայողների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Բացի այդ, կան դեպքեր, որոնք ի սկզբանե նախաձեռնվել են այս հոդվածով, սակայն նախաքննության փուլում պարզվել են իրական հանգամանքները և ենթակա են վերաորակման ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածի։ Սպանության փորձի դեպքերի խորքային վերլուծությամբ պարզվել է, որ դրանց մեծ մասը իրավիճակային հանցագործություններ են, այսինքն՝ տեղի են ունեցել դեպքերի արագ զարգացման պայմաններում՝ հանկարծակի ծագած դիտավորության արդյունքում»,- նշել է Ցուցուլյանը։

Հաշվետու ժամանակահատվածում առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերն աճել են 7-ով։ Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի ուսումնասիրությամբ ևս պարզվել է, որ դրանց հիմնական մասը ունեցել են հանկարծակի ծագած զարգացումներ։ Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 11-ով։ Արձանագրվել է այդպիսի 93 դեպք՝ նախորդ տարվա 82-ի դիմաց։

«Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մի շարք վայր ընկնելու, դժբախտ պատահարի կամ ինքնավնասման դեպքերով, վնասվածքի ծանրության աստիճանով պայմանավորված, վարույթը նախաձեռնվում է առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով, սակայն հետագայում դատաբժշկական փորաքննության արդյունքները ստանալուց հետո դրանք կարճվում կամ վերաորակվում են ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածների։

Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է 2022 թվականի ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով, համաձայն որի՝ յուրաքանչյուր հաղորդման, այդ թվում՝ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվում է քրեական վարույթ, որոնց մի մասը քննության փուլում չի հիմնավորվում»,- պարզաբանել է Ցուցուլյանը։

Ըստ նրա՝ իրականացված աշխատանքների արդյունքում գրանցված հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը բարձրացել է և΄ հանցանք կատարած անձը հայտնի լինելու՝ 8,8% (2025թ․՝ 6 ամիս՝ 64,7% կամ 14.242 դեպք – 2026թ․ 6 ամիս՝ 73.5% կամ 16․147 դեպք), և΄ մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով 8,1%-ով (2024թ․՝ 6 ամիս՝ 22,4% կամ 4․928 անձ, 2026թ․ 6 ամիս՝ 30,5% կամ 6․691)։

Ներկայացնելով հանցավորության շարժընթացն ըստ հիմնական և հատկապես հանրությանն անհանգստացնող հանցատեսակների՝ Ցուցուլյանն արձանագրեց, որ 2026թ․ առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է հաստատված սպանության 20 դեպք` նախորդ տարվա 21-ի դիմաց։ Բոլոր դեպքերը բացահայտվել են։ Վերջին տարիների կտրվածքով սպանության դեպքերը կտրուկ և վտանգավոր աճի տեմպեր չկան (2021թ․՝ 60, 2022թ․՝ 58, 2023թ․՝ 55, 2024թ․՝ 45, 2025թ․՝ 50), և առհասարակ դրանք ընդհանուր հանցավորության կառուցվածքում կազմում են ընդամենը 0,1-ից 0,2%։

2026թ․ 6 ամիսներին արձանագրված թվով 20 հաստատված սպանություններից շուրջ 75%-ը՝ 13 դեպք, կատարվել է անձնական և կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում, 3-ը՝ խուլիգանական, 2-ը՝ շահադիտական դրդումներով, 1-ը՝ թշնամական /Չարենցավան- Արաքս խանութի մոտ Ս․Խալաֆյանի սպանություն/, 1-ը՝ խանդի շարժառիթով /Մասիս- տարեց նախկին ամուսինը կնոջը/։

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցների համաձայն՝ 100 հազար բնակչության հաշվով Հայաստանում սպանությունների միջին ցուցանիշը տատանվում է շուրջ 1.5–2.2-ի միջակայքում, ինչը համադրելի է կամ ցածր՝ եվրոպական և ԱՊՀ շատ երկրների միջին մակարդակից և զգալիորեն զիջում է համաշխարհային բարձր ռիսկային գոտիներին (օրինակ՝ Լատվիա՝ 2.5 և Լիտվա՝ 4.2, Ղազախստան՝ 3.2 դեպք)։

Շարունակելով մարդու դեմ ուղղված առավել վտանգավոր հանցագործությունների վիճակագրության ներկայացումը՝ Ցուցուլյանը նշեց, որ դրանց կազմում 71-ով կամ 17,9%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (396-325) դեպքերը։ Բացի այդ, 7 դեպքով կամ 11,9%-ով նվազել է հրազենով կատարված հանցագործությունների թիվը (59-52)։

«Առհասարակ մարդու դեմ ուղղված և հատկապես բռնությամբ զուգորդվող հանցագործությունները մտահոգիչ են և այս ուղղությամբ անհրաժեշտ է ունենալ հստակ քաղաքականություն։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծամասամբ այսպիսի հանցագործությունների պատճառ են անձանց առողջական, կրթական և սոցիալական հիմնախնդիրները։ Որպես հիմնական մարտավարություն՝ ոստիկանության ուժերը մշտապես նպատակաուղղված են նաև հանցագործության կատարման գործիք և միջոց հանդիսացող ապօրինի պահվող զենք-ռազմաթերքի հայտնաբերման աշխատանքներին և որպես արդյունք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 8%-ով աճել է առգրավված, հայտնաբերված և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնված հրազենի թիվը (1․204-ից` 1.293)»,- ասաց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ